Սիրիայում փոխզիջում հնարավոր չէ. արյուն շատ է թափվել
Ե’վ Արևմուտքը, և’ արաբական երկրները` մասնավորապես Սաուդյան Արաբիան և Քաթարը, որոնք օժանդակում են ապստամբ ուժերին, և Թուրքիան, և իրենք` Սիրիայի ապստամբների ղեկավարները, հասկանում են, որ իրենք պարտվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Վերջին շրջանում Սիրիայի կառավարական ուժերին հաջողվեց իրադրությունը փոխել իրենց օգտին, իհարկե, դա չի նշանակում, որ նրանք հասնում են հաղթանակի, բայց Սիրիայի բնակչության մեծ մասը դեռևս օժանդակում է Ասադին, նա պահպանում է երկրի կառավարելիությունը, և բանակը կանգնած է կառավարական վերնախավի կողքին»,- նշեց նա:
Իսկ 168.am-ի հարցին, թե այս վերլուծությունն արդյոք նշանակում է, որ Բաշար ալ-Ասադի վարչակարգը Սիրիայում կպահպանվի,՞ չնայած որ ընդդիմության դիմադրությունն այնուամենայնիվ չի մարում, թե՞ Ասադին փոխարինելու ինչ-որ փոխզիջումային տարբերակ կարող է լինել, արևելագետը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կողմերն արդեն անցել են այն շեմը, երբ հնարավոր էր փոխզիջումային տարբերակներ կիրառել: Արյուն արդեն շատ է թափվել, և, իմ կարծիքով, խոսքը կարող է գնալ միայն կողմերից մեկի հաղթանակի մասին, չնայած այս հարցի վերաբերյալ կարող են տարբեր այլ կարծիքներ լինել: Եվ այս առումով, եթե մենք անդրադառնում ենք Սիրիայի պատմությանը, ապա սա նորություն չի, երբ երկրում տեղի են ունենում երկարատև բախումներ կառավարական ուժերի և ապստամների միջև»:
Ռ.Սաֆրաստյանը հիշեցրեց 1970-ական թթ. երկորդ կեսին և 80-ականների սկզբներին` դեռևս Հաֆեզ ալ-Ասադի կառավարման տարիներին, Սիրիայում կառավարական ուժերի և «Մուսուլման եղբայրների» բախումների մասին, որն ավարտվեց բանակի կողմից իսլամիստների ապստամբության դաժան ճնշմամբ: «Եթե Արևմուտքի և արաբական մի շարք երկրների աջակցությունը չլիներ, կարծում եմ` կառավարական ուժերը վաղուց ապստամբներին ռազմի դաշտում պարտության մատնած կլինեին: Բայց օգնությունն անընդհատ ներկրվում է Սիրիա զենքի, զինամթերքի և զինված ջոկատների ձևով»:Ըստ Սաֆրաստյանի, եթե Սիրիայում չկրկնվի «լիբիական սցենարը», Սիրիայի ընդդիմությունը վերջիվերջո կպարտվի: «Եվ Արմուտքում, և Թուրքիայում, և ապստամբների շրջանում, հասկանում են, որ նրանք պարտվում են»,- ասաց նա: