Բաժիններ՝

«Տրանս Լոջիստիկ Քոքըսիս» ՍՊԸ տնօրենը տարակուսած է

«Աշխարհի ոչ մի երկրից հնարավոր չէ օրինական ճանապարհով Հայաստան ներմուծել հրավառության տեխնիկա»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է «Տրանս Լոջիստիկ Քոքըսիս» ՍՊԸ տնօրեն Եղիշե Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ ինքնաթիռները նման ապրանք տեղափոխելու թույլտվություն չունեն: Անթույլատրելի է, քանի որ դրանք դյուրավառ և բարձր կարգի պայթունավտանգ ապրանքներ են, որոնք կարող են ցնցումից կամ մի հարվածից պայթել: Ե. Հովհաննիսյանի խոսքով՝ շատ երկրներ թույլ չեն տալիս նման ապրանքներն անցկացնել նաև իրենց նավահանգիստներով: «Քրտնաջան աշխատանք եմ տարել, ամենահնարավոր և անհնար տարբերակներով փորձել եմ հասկանալ՝ ինչպես կարելի է օրինական ձևով հրավառության տեխնիկա ներմուծել Հայաստան: Դիտարկել եմ բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ Մոնղոլիայից Ռուսաստան, ապա Վրաստան ու այնտեղից էլ՝ Հայաստան: Ավաղ, Փոթիի նավահանգիստը փոխադրող ընկերություններին թույլ չի տալիս հրավառության տեխնիկա փոխադրել, Բաթումի նավահանգիստը նույնպես հրաժարվում է: Օրինական ճանապարհով Հայաստան հրավառության տեխնիկա բերելն անհնար է: Բայց Հայաստանում այն ինչ-որ ձևով հայտնվում է»,- ասել է Եղիշե Հովհաննիսյանը:

Այդ դեպքում որտեղի՞ց այսքան հրավառություն Հայաստանում, «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցին ի պատասխան, Ե. Հովհաննիսյանն ասել է. «Ապրանքը մեր շուկա է մտնում այլ անվան տակ, խաբեությամբ: Մինչ օրս, համենայնդեպս, այդ խաբեությունը գործել է ու աննկատ: Եթե հանկարծ այս տեղեկատվությունը տարածվի, որոշ մարդիկ վատ պատմությունների մեջ կընկնեն, քանի որ դա մաքսանենգություն է: Այլ ապրանքի անվանման տակ չի կարելի ներկրում անել, դա խիստ խախտում է»:

Ըստ նրա՝ բացի նրանից, որ Փոթիի և Բաթումի նավահանգիստները փոխադրող ընկերություններին թույլ չեն տալիս հրավառության տեխնիկա փոխադրել, նավային գծերը ևս նման թույլտվություն չունեն: Թուրքիան ևս թույլ չի տալիս Բոսֆորի նեղուցով նման տեսակի բեռ տեղափոխել: «Ինչպե՞ս կարող է մի ապրանք, որը ոչ մի օրինական ճանապարհով չի կարող ներկրվել Հայաստան, հայտնվել: Առաջարկում եմ հասկանալ: Այստեղ խոսում է փաստը՝ անօրեն բան է արվում: Էլ չեմ խոսում հետևանքի մասին. եթե հանկարծ մի օր դժբախտություն լինի՝ ի՞նչ է լինելու»,- եզրափակեց Ե. Հովհաննիսյանը:

Ի դեպ «Փաստինֆո» գործակալության թղթակցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ 2012թ. հունվար-հունիս ժամանակահատվածում 8 կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 1 միլիոն 216 հատ հրավառելիք, այդ թվում` բենգալյան կրակներ, խմորեղենի հրավառելիք և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս