Եգիպտոսի իսլամիստ նախագահը վերջապես ազատվեց Տանտավիից
Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին պաշտոնից ազատել է երկրի զինված ուժերի բարձրաստիճան երկու դեմքերի՝ Զինված ուժերի հրամանատար ֆելդմարշալ Մոհամեդ Հուսեին Տանտավիին և Գլխավոր շտաբի պետ Սամի Անանին:
Այնուհետև ելույթ ունենալով՝ նախագահը հայտարարել է, որ այդ կերպ է վարվել՝ ի շահ ժողովրդի:
Բացի այդ՝ Մուրսին չեղյալ է հայտարարել սահմանադրական հայտարարագիրը, որը նպատակաուղղված էր նախագահական լիազորությունների սահմանափակմանը և մինչ օրս փոխարինում էր երկրի հիմնական օրենքին՝ սահմանադրությանը:
Մոհամեդ Մուրսին, որ նախագահ ընտրվեց հունիսին, իսլամիստական «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության անդամ է:
Նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հեռանալուց հետո «Մահմեդական եղբայրների» և զինվորականության հարաբերությունները լարված էին: Հիմնական պատճառներից մեկը՝ զինված ուժերի բարձրագույն հրամանատարության մեջ Մուբարաքի նախկին զինակիցների առկայությունն էր:
Տանտավին, որ նաև երկրի պաշտպանության նախարարն էր, դեռևս չի հայտարարել՝ համաձայն է արդյոք հարժարական տալ:
Եգիպտոսի նախագահի մամլո քարտուղարը հայտնել է, որ ԶՈւ նոր գլխավոր հրամանատար է նշանակվել Աբդել-Ֆաթահ Սիսին: