Բաժիններ՝

«Տարբեր ոլորտներում աշխատատեղեր կան, աշխատավարձերը սկսվում են 105.000 դրամից, մինչև օրական 15.000 դրամ». Տավուշի մարզպետը՝ առաջարկված աշխատատեղերի մասին

Հուլիսի 17-ի ուշ երեկոյան բախում էր տեղի ունեցել Իջևանում փայտի գործով զբաղվող և ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը:

Ժամեր անց, անդրադառնալով կատարվածին՝ շատերն առաջին հերթին մեղադրեցին ճանապարհը փակած և ապօրինի ծառահատումներ իրականացնող քաղաքացիներին:

«Տարօրինակ իրավիճակ է: Ուրիշ երկրներում ցույց են անում, որ անտառները չհատեն, Հայաստանում հակառակն է՝ ցույց են անում, որ թողնեն անտառը ոչնչացնեն»,- արձագանքում էին քաղաքացիներից շատերը:

«Սարսափելին այն է, որ մարդկանց աշխատանքի դիմաց օրը 10.000 դրամ են առաջարկում, իսկ իրենք մերժում են: Երևանում օրը 3000 դրամով էլ են մարդիկ անտրտունջ աշխատում»,- ասում էր քաղաքացիներից մեկը:

«Հայաստանում երկու  ծառ է մնացել, դա էլ թող կտրեն-ուտեն:  Դժվա՞ր է հասկանալ, որ ֆոտոսինթեզի արդյունքում առաջանում է մոլեկուլային թթվածին, որն անհրաժեշտ է բոլոր օրգանիզմներին, որոնց կենսագործունեությունը պայմանավորված է օդի ազատ մոլեկուլային թթվածնով: Բացի դրանից՝ առաջացած մոլեկուլային թթվածնի հետ է կապված նաև օզոնային էկրանի գոյությունը, որը պաշտպանում է բոլոր երկրային կենդանի օրգանիզմները մահացու ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ի՞նչ  է նշանակում՝  երեխայիս «Փամփերս» պետք է առնենք, ո՞նց ապրենք: Հիմա ով երեխա ունի, գնա ծառ կտրի՞: Այ մարդ, անտառը որևէ մեկի սեփականությունը չէ, այն բոլորինն է»,- նշում էր մեկ այլ քաղաքացի:

Շատերը կարևորեցին մարդկանց աշխատանքով ապահովելը, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն: Իշխանությունները պետք է աշխատանքով ապահովեն, այլընտրանք առաջարկեն բողոքի դուրս եկած քաղաքացիներին։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ աշխատանք է առաջարկել, սակայն արձագանք չի եղել։

Տավուշի մարզպետարանից տեղեկացնում են, որ աշխատանք գտնելու ակնկալիքով վերջին երկու օրերին  մարզպետարան է դիմել թվով 37 քաղաքացի։ Մարզպետարանը պետական կառույցների և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝  հաշվառել է 320 թափուր աշխատատեղ։

Դիմումները ստանալու պահից 48 ժամվա ընթացքում՝ Տավուշի մարզպետարանի մասնագետները հետադարձ զանգով կապ են հաստատում քաղաքացիների հետ և առաջարկում կոնկրետ աշխատանք։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանից հետաքրքրվեցինք, թե ո՞ր ոլորտներում են քաղաքացիներին աշխատանք առաջարկում, և որքա՞ն է աշխատավարձի չափը:

«Տարբեր ոլորտներում աշխատատեղեր կան: Օրինակ՝ դպրոցներում անհրաժեշտ են և՛ ուսուցիչներ, և՛ տնտեսական ու տեխնիկական աշխատողներ: Թեթև արդյունաբերական ձեռնարկությունում անհրաժեշտ է էլեկտրիկ, տեխնիկ, բանվոր:

Ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են տարբեր մասնագետներ: Պայմանագրային զինծառայողներ նույնպես անհրաժեշտ են: Մեր ունեցած տվյալներով՝ աշխատավարձը սկսվում է 105.000 դրամից, մինչև օրական 15.000 դրամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Չոբանյանը:

Հարցին՝ ինչպե՞ս կարձագանքի ժողովրդի մեջ պտտվող այն խոսակցություններին, որ բնակիչներին արգելում են անտառ մտնել, որպեսզի  իրենք կտրեն-վաճառեն, մարզպետը պատասխանեց.

«Հասկանո՞ւմ եք՝ հայտարարությունն այնքան աբսուրդ է, որ չգիտես՝ ինչ ասես: Ի՞նչ է նշանակում՝ պետությունը բնակիչներին արգելում է: Մենք նրանց չենք արգելում: Մենք ասում ենք՝ անտառահատում կարող է լինել միայն օրենսդրական կարգով, այն չափով, որն անհրաժեշտ է անտառին: Դրանք շատ փոքր քանակներ են՝ համեմատած անօրինական հատված ծառերի հետ: Անտառի մնացած մասն արդեն քամատապալ և թափուկ մասն է, որոնք որ վնասված են, ու բնակիչներին թափուկը տրվում է անվճար, քամատապալն էլ՝ 6000 դրամով»:

Ինչ վերաբերում է անտառների հսկողությանը՝ Տավուշի մարզպետն ասաց, որ այն շուրջօրյա է:

Հիշեցնենք, որ Իջևանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս