«Երկիր կառավարելը հիշեցնում է Քաջ Նազարի պատմությունը՝ գյադեք՝ դես, գյադեք՝ դեն». Արամ Սարգսյան
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Իջևանում տեղի ունեցող դեպքերին՝ ասաց, որ այդ ամենը խոսում է մեկ բանի մասին, որ ներկայիս կառավարողները չգիտեն, թե ինչ է նշանակում՝ կառավարել երկիրը։
«Բոլորս գիտեինք, որ անտառահատություն կա, որ դրա հաշվին մարդիկ են ապրում, և այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք ուսումնասիրել են, թե քանի մարդ է անտառահատությամբ զբաղվում, ովքե՞ր են նրանց պարագլուխները, և ի՞նչ պետք է անել, որպեսզի այդ մարդկանց աշխատանք տրամադրեն։ Այս ամենն անելու փոխարեն՝ գնացին ռեպրեսիվ գործողությունների, այն էլ ո՞ւմ դեմ, սովորական մարդկանց, որոնք ապահովում են իրենց ընտանիքի հացը։ Այստեղ է երևում, որ մարդիկ չեն ուսումնասիրել կառավարման համակարգը, դրա մասին ո՛չ ուզում են լսել, ո՛չ հասկանալ։ Երեկ երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կառավարման առումով որոշակի սխալներ ունեն, հանկարծ պարզվեց, որ այդ սխալների հիմքը կոռուպցիան է։ Եղբայր, հասկացանք, կոռուպցիան երևույթ է, որի դեմ պետք է պայքարենք, բայց կառավարելու խնդիրը բոլորովին ուրիշ է»,- նշեց նա։
Նրա բնորոշմամբ՝ եթե 25 տարեկան մարդուն վստահում են մի ամբողջ նախարարության ղեկավարումը, բնականաբար, բախվելու են նման վիճակի, ինչը Արամ Սարգսյանին հիշեցնում է Քաջ Նազարի պատմությունը՝ գյադեք՝ դես, գյադեք՝ դեն, որով չի կարելի երկիր կառավարել։
Նա վստահեցրեց, որ այս ամենը տանելու է նրան, որ Հայաստանը կորցնի իր վարկանիշը։
«Նախ՝ մեր հասարակությունը պետք է պահանջի, որպեսզի Իջևանի դեպքերի ժամանակ ձերբակալված բոլոր անձանց ազատեն։ Ի՞նչ է նշանակում՝ գիշերով ոստիկանները գան մտնեն մարդկանց տուն և նրանց տկլոր տանեն ոստիկանության բաժանմունք, սա՞ է ժողովրդավարությունն ու կառավարման ճիշտ ձևը։ Սա աննորմալ երևույթ է։ Եթե ուզում են հարցը լուծել, թող պարագլուխներին գտնեն, թե ովքեր են, ասում են՝ հնուց են եկել, թող բացահայտեն։
Երեկ Տավուշի մարզպետին էի լսում, սրանք այս ինչ արագ են բյուրոկրատացվում։ Մի ժամանակ կոմունիստներին ասում էին, թե դեմագոգիայով են զբաղվում, բայց սրանց դեմագոգիան տվել-անցել է ամեն ինչ։ Կանգնել է, չի թողնում այդ մարդիկ խոսեն, ա՛յ ընկեր, այդ հեղափոխությունն ո՞ւմ համար եք արել, ձե՞ր, թե՞ սովորական մարդու, եթե նրանց համար եք արել, լսեք, տեսեք՝ ինչ են ասում»,- շեշտեց Արամ Սարգսյանը։
Անդրադառնալով այն կարծիքներին, որ Իջևանի դեպքերը մտածված են և ուղղված են վարչապետի դեմ, Արամ Սարգսյանն ասաց, որ այսօր իշխանությունը բոլորովին կտրվել է իրականությունից, և նրանց թվում է, որ մեկ տարվա մեջ բոլորն իրենց նման դարձել են հարուստներ և կարող են ապրել այնպես, ինչպես իրենք են ապրում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան