Սեպտեմբերին հնարավոր է վարչապետի փոփոխություն

Չնայած ամառային շոգին ու քաղաքական դաշտի արձակուրդային տրամադրություններին, այս օրերին իշխանական կուլիսներում սպասողական իրավիճակ է` կապված ՀՀ վարչապետի հնարավոր փոփոխության հետ:

168.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերին Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ է արվելու, և նրա փոխարեն նշանակվելու է «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ական մեր աղբյուրների համաձայն, դրա վերաբերյալ իշխանական վերնախավում քաղաքական որոշում է կայացվել նախագահ Սերժ Սարգսյանի` օգոստոսի 8-ին Մոսկվա կատարած այցից հետո: Նույն աղբյուրի համաձայն, Կարեն Կարապետյանի թեկնածության շուրջ Սերժ Սարգսյանը քննարկումներ է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, և նրա նշանակումը քաղաքական վերնախավում ներկայացվելու է՝ որպես երկու ուժերի միջև փոխհամաձայնության արդյունք:

Նշենք, որ ԲՀԿ-ականներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, 168.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը: Ըստ ամենայնի, նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ վարչապետի փոփոխությունը պայմանավորված է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ առաջացած խնդիրներով: Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը միակ պաշտոնյան է, ով հրապարակավ դեմ է արտահայտվել այդ միությանը Հայաստանի անդամակցությանը:

Նրա փոխարեն «ռուսական մարդու» համարում ունեցող ու ներկայումս «Գազպրոմի» համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող Կարեն Կարապետյանի նշանակումը կարող է ցույց տալ, որ ՀՀ իշխանությունները փոխել են դիրքորոշումը Եվրասիական միությանն անդամակցելու վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս