Գյուլի ու Էրդողանի հարաբերությունները լարվա՞ծ են
Թուրքիայի իշխող կուսակցության ներսում նոր սկանդալ է հասունացել: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները կարծես վատթարանում են: Հիմա քայլեր են ձեռնարկվում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, քանի որ վերջին օրերին Գյուլ-Էրդողան հարաբերությունները կտրուկ վատթարացել են, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Դրա պատճառներից մեկը, ըստ ռուսական պարբերականի, այն է, որ Աբդուլահ Գյուլի մամլո քարտուղար Ահմեդ Սևերը թուրքական ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ժամանակ իր դժգոհությունն էր արտահայտել այն բանի կապակցությամբ, որ կառավարության և կուսակցության մի շարք անդամներ միջամտում են Գյուլի քաղաքական հետագա կարիերային` նշելով, որ գործող նախագահը պետք է հրաժարվի իր` նախագահական ընտրություններում կրկին առաջադրվելու ձգտումներից: Այս հայտարարությունը ցնցել է Անկարային և ուժեղ արձագանք է առաջացրել իշխող կուսակցության ներսում: Շատերը ցանկանում էին մեղմել այս հայտարարությունը` նշելով, որ դա անձամբ մամլո քարտուղարի կարծիքն է:
«Արդարություն և Զարգացում» կուսակացության մի շարք պատգամավորներ կարծում են, որ նախագահ է ընտրվելու Էրդողանը»,- նշված է հոդվածում:
Թուրքիայում նախագահի հաջորդ ընտրությունները լինելու են 2014-ի օգոստոսին: Թուրքիան խորհրդարանական երկիր է, այդտեղ գլխավորը ոչ թե նախագահն է, այլ վարչապետը: Սակայն նոր օրենքով, հաջորդ նախագահական ընտրություններից հետո նախագահի դերակատարությունը երկրում բարձրացվելու է: