ՀՀ վարչապետն ու նախագահը ներկա գտնվեցին Արման Կիրակոսյանի հոգեհանգստի արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը ներկա գտնվեցին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Արման Կիրակոսյանի հոգեհանգստի արարողությանը:
Նրանք իրենց ցավակցությունը հայտնեցին Կիրակոսյանի հարազատներին:
Հարգանքի տուրք մատուցելու եկել էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ ԱԺ մի շարք ներկա և նախկին պատգամավորներ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկար տարիներ ճանաչել է Կիրակոսյանին և անձնական մեծ կորուստ է իր համար դիվանագետի մահը:
«Ես հպարտ եմ, որ նման բարեկամություն է ձևավորվել այս տարիների ընթացքում: Արման Կիրակոսյանի մահը ոլորտի համար էլ է մեծ կորուստ, քանի որ նա դիվանագիտական ընտանիքի լավագույն անդամներից էր»,- նշեց Մնացականյանը:
Նրա խոսքով՝ Արման Կիրակոսյանի օրինակը պետք է որպես ուղենիշ ծառայի իրենց համար:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 10-ին, Երևանում։ Նա մահացել է կյանքի 63-րդ տարում՝ 2019 թվականի հուլիսի 6-ին։