Տիգրան Սարգսյանը ծանոթացել է սկաուտների կյանքին
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը օգոստոսի 10-ին Բյուրականում հանդիպել է միջազգային սկաուտական բանակումի մասնակիցների հետ: Բանակումը նվիրված էր Հայ սկաուտական շարժման հիմնադրման 100-ամյակին:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից, Տիգրան Սարգսյանը ծանոթացել է սկաուտների կյանքին եւ ծրագրերին:
Սկաուտների հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է շարժման դերը երիտասարդ սերնդի դաստիարակման գործում: Նրա խոսքով` հայ սկաուտական շարժման յուրահատկությունը հայրենասիրությունն է եւ հայերի ինքնության պահպանումը: Այն պատասխանատվության զգացում է սերմանում ինքդ քո, հայրենիքիդ, ընկերներիդ նկատմամբ», – նշել է Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի սկաուտական ազգային շարժման նախաձեռնությամբ կազմակերպված բանակումին մասնակցում էին 14 երկրների ավելի քան 200 սկաուտներ: