Բաժիններ՝

Ոստիկանությունը շարունակում է վերահսկողությունը

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ոստիկանությունը շարունակում է հանդիսությունների ու զվարճանքի վայրերում հրավառությունների վերահսկման ու կանոնակարգման աշխատանքները: Նպատակը քաղաքացիների անվտանգության, հատկապես գիշերային ժամերին բնակչության անդորրի պահպանումն է:

«Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կարգադրության` գիշերային ժամերին լռության խախտման դեպքերը բացառելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից մշտապես վերահսկվում է հրագործական արտադրատեսակների առեւտուր իրականացնող կազմակերպությունների և անհատների գործունեությունը, կազմակերպվում են ստուգայցեր, պատասխանատուներին տրամադրվում են հիշեցման թերթիկներ:
Հրագործական սարքերը թույլատրվում է օգտագործել մինչև ժամը 23:00-ն, իսկ գործարկումից առաջ պետք է համաձայնեցնել վարչական տարածքի ոստիկանության բաժնի հետ:
Կտրականապես արգելվում է նման սարքերի վաճառքն անչափահասներին և օգտագործումը նրանց կողմից: Պահանջվում է խստագույնս պահպանել հրագործական սարքի շահագործման հրահանգի բոլոր կետերի պահանջները:
Գիշերային ժամերին հրագործական առարկաներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, նշված արարքի կրկնությունը տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում` ենթակա է նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով տուգանքի:
Ոստիկանությունը ընդգծում է, որ նպատակը տուգանելը չէ, այլ մեր համաքաղաքացիներին կրկին ու կրկին հիշեցնելը, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդ մարդիկ, երեխաներ, որոնց գիշերային անդորրը խանգարվում է հրավառությունների պատճառով:
Ոստիկանությունը համոզված է, որ համակեցության կանոնների պահպանման և ամրապնդման գործում հաջողության գրավականը ոչ թե պատիժն է, այլ փոխադարձ հարգանքի և օրինականության պահպանումը»,- ասված է տեղեկատվության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս