«Երբ խոսում ենք սահմանադրական ճգնաժամի մասին, դուք չեք պատկերացնում՝ դա ինչ ապացուցման ստանդարտ է ենթադրում». Սահմանադրագետ
Սահմանադրական ճգնաժամ չկա. նման մեկնաբանությունները ոչ լուրջ սահմանադրաիրավական վերլուծության արդյունք են: Այս մասին նշեց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակում արծարծված սահմանադրական ճգնաժամի մասին 168.am-ի դիտարկմանը:
«Այդ նույն տրամաբանությամբ՝ մեկը կարող է վեր կենալ և ասել, որ Սահմանադրության մեջ «կառավարության անդամ» եզրույթը հստակ բացահայտված չէ՝ մենք ունենք սահմանադրական ճգնաժամ գործադիր իշխանությունում»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ տեսնող ու դրանից դուրս գալու ելքեր առաջարկող նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը շաբաթներ առաջ նամակներ էր ուղարկել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանին:
Սահմանադրագետը նկատեց նաև, որ ուսումնասիրել է Վահե Գրիգորյանի նամակը, ու խոսեց սահմանադրական ճգնաժամի ապացուցման ստանդարտների մասին. «Երբ խոսում ենք սահմանադրական ճգնաժամի մասին, դուք չեք պատկերացնում՝ դա ինչ ապացուցման ստանդարտ է ենթադրում, իսկ նամակում ներկայացվում է «անդամ»-«դատավոր» բառախաղը և ներկայացվում են «անդամ», այնուհետև «դատավորի» երդման տեքստեր:
Եթե ՀՀ-ում ՍԴ դատավորի երդման տեքստը լիներ սահմանադրական պահանջ, նորմ, գոնե կփորձեի ընկալել. ՍԴ դատավորի երդման տեքստով չի, որ իրենց գործառույթն է գնահատվում կամ իրացվում, այն իրենց լիազորությունների և պարտականությունների տիրույթում է գնահատվում, իսկ դրանք նույնական են 1995թ.-ից մինչև 2015 թ.: Եվ, ամենակարևորը, 213 հոդվածը Սահմանադրության հենց այն նորմերից է, որի համար պետք չէ ունենալ սահմանադրագետի կարգավիճակ. ամեն ինչ այնքան հստակ է այնտեղ ձևակերպված, որ, ի վերջո, ՍԴ-ի անդամները շարունակում են պաշտոնավարել, ինչ է նշանակում, որ տրանսֆորմացվում են դատավորի»:
Ա. Վարդևանյանը ողջունեց ՍԴ 8 դատավորների զսպվածությունը հարցի առնչությամբ և կարևորեց թեմայով նրանց ներկայացրած հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարություն էին տարածել Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունների կապակցությամբ, որում մասնավորապես ասված էր.
«Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները և քննարկումները՝ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը.
- Այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի մենք դրանց չենք արձագանքում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը՝ հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
- Արված իրավական հարցադրումների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ մասնավոր կարծիքները, Սահմանադրության յուրօրինակ մեկնաբանությունները Սահմանադրական դատարանի համար, բնականաբար, որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող:
- Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորությունն է՝ տալ Սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանություն` ընդ որում, դա կարող է արվել միայն կոնկրետ գործի շրջանակներում:
- Հաշվի առնելով, որ արված իրավական հարցադրումները Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն՝ կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա, մենք զերծ ենք մնում այդ հարցադրումների վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց:
- Սահմանադրական դատարանը աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը»։
Զարուհի Դիլանյան