Սիրիայի հարցով թեհրանյան կոնֆերանսին մասնակցել է նաև ՀՀ ներկայացուցիչը

Սիրիայի հարցով Թեհրանում մեկնարկած միջազգային կոնֆերանսի մասնակից երկրների թվում է եղել նաև Հայաստանը: Այս մասին հայտնել է իրանական Fars լրատվական գործակալությունը:

Իրանական նախաձեռնությանը Հայաստանի մասնակցության մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից որևէ հայտարարություն չէր արվել:

ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հաստատել է մեր երկրի մասնակցությունը՝ հայտնելով, որ Հայաստանը կոնֆերանսում ներկայացրել է ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը: Առայժմ չի հրապարակվում, սակայն, թե ինչ առաջարկություն է հնչեցրել Հայաստանը, որ Սիրիայի հետ կապված միջազգային նախաձեռնություններում չեզոք, հավասարակշռված դիրքորոշում է դրսևորում:

Իրանի ԱԳՆ-ը հայտնել էր, որ Կոնֆերանսին երկրները ներկայացված են լինելու արտգործնախարարների, նրանց տեղակալների և դեսպանների մակարդակում: Համատեղ հայտարարության մեջ մասնակից երկրները իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել Սիրիայում բախումների շարունակման և մարդու իրավունքների առիթով, ընդգծել են ազգային երկխոսության հիման վրա քաղաքական լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, աջակցություն հայտնել Սիրիայի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ընդգծել են հավատարմությունը երկրի ներքին գործերին չմիջամտելու միջազգային իրավունքի սկզբունքներին, մտահոգություն հայտնել Սիրիայի տարածքում հայտնի ահաբեկչական խմբավորումների հայտնվելու առիթով և ողջունել են բախումները դադարեցնելու վերաբերյալ Իրանի կոչը հակամարտող կողմերին:

Խորհրդատվական բնույթի կոնֆերանսը նախագահել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: Նշվում է 30 մասնակից երկիր` Աֆղանստան, Ալժիր, Հայաստան, Բելառուս, Բենին, Չինաստան, Կուբա, Էկվադոր, Վրաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իրաք, Ղազախստան, Ղրղըզստան, Մալդիվներ, Նիկարագուա, Պակիստան, Ռուսաստան, Շրի Լանկա, Սուդան, Տաջիկստան, Թունիս, Թուրքմենստան, Վենեսուելա, Զիմբաբվե, Հորդանան, Պաղեստին:

Տարածաշրջանի երկրներից չի հրավիրվել Ադրբեջանը:

Տեսանյութեր

Լրահոս