Չինաստանն ԱՄՆ-ին կրկին առաջարկում է ավելացնել ամերիկյան գյուղարտադրանքի գնումները. Bloomberg
Չինաստանի իշխանությունները կրկին ԱՄՆ-ին առաջարկում են ավելացնել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի գնումները՝ որպես բարի կամքի ժեստ՝ առեւտրական վեճերի կարգավորման շուրջը երկկողմ բանակցությունների վերսկսման ֆոնին: Հուլիսի 3-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ չինական կողմը դիտարկում է ԱՄՆ-ից սոյայի, եգպիտացորենի, խոզի մսի գնումների ավելացման հնարավորությունը: Այդ պլաններն առայժմ բանակցություններում չեն քննարկվել ամերիկյան կողմի հետ: Չինաստանը մտադիր չէ կոնկրետ խոստումներ տալ այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը եւ Պեկինը համաձայնագիր չեն կնքի առեւտրի ոլորտում տարաձայնությունների կարգավորման շուրջը: Լրացուցիչ գյուղատնտեսական արտադրանքի ծավալները, որը Չինաստանը կարող է գնել ԱՄՆ-ից, կախված կլինեն այն բանից, թե ինչպես կընթանան բանակցությունները, նշել է գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ հնարավոր լրացուցիչ գնումները, որոնք Չինաստանը պատրաստ է առաջարկելու ԱՄՆ-ին, այս անգամ կարող են ծավալով ավելի քիչ լինել, քան այն գնումները, որոնք Պեկինը եւ Վաշինգտոնը քննարկել են անցյալ տարվա վերջին – այս տարվա սկզբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: