Բաժիններ՝

«Ո՞վ է ասել, որ իրենց վերաբերյալ ճառերը բոլորիս դուրեկան են». Գևորգ Պետրոսյանը՝  Արայիկ Հարությունյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանի խոսքով՝  անհասկանալի է, թե ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ինչ գործ ունի կոչումների շնորհման հետ։

«Եթե երգիչ Ռազմիկ Ամյանը ՀՀ երրորդ նախագահին երգ է նվիրել, որևէ մեկն իրավունք չունի պնդելու, որ դա արվել է շահադիտական մղումներով կամ հաճոյանալու համար։ Լավ է արել, այդ մարդն իր իրավունքն իրացրել է։ Թող մտածեն այն մարդիկ, որոնց մահվանից հետո ոչինչ չի նվիրվելու՝ երգ, բանաստեղծություն։ Արայիկ Հարությունյանը թող հասնի նրան, որ մի երգ էլ իրեն նվիրեն, հետո նոր կարծիք հայտնի մյուսների երգերի կամ գովեստների մասին։ Ո՞վ է ասել, որ իրենց վերաբերյալ ճառերը բոլորիս դուրեկան են, իսկ մենք շատ լավ գիտենք, թե ում մասին, ինչ են խոսում այս երկրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց պատգամավորը։

Գևորգ Պետրոսյանը խորհուրդ տվեց, որ յուրաքանչյուրը նախ՝ հայելու մեջ թող իրեն ուշադիր նայի, տեսնի՝ ո՞վ է, ինչի՞ կարող է արժանանալ  պատմության կողմից, այնուհետև պիտակավորի ուրիշներին։

«Չի կարելի մարդկանց ստեղծագործական սահմանադրական իրավունքը հեգնել, ու ասել, թե ինչու երգը ձոնեցին սրան կամ նրան, այլ ոչ թե՝ իրեն։ Եթե Արայիկ Հարությունյանը հայտնվել է սուպերնախարարի պաշտոնին, նա պետք է հիշի, թե ինչի համար է եկել այնտեղ, և իր  անելիքներով զբաղվի, այլ ոչ թե՝ ամբողջ օրը ֆեյսբուքյան գրառումներով ասի, թե ինչու այսինչ մարդը նման բան արեց, կամ իրենց նկարեն ու զվարճանան իրեն միկրոմիջավայրում։ Ամոթ է, պետական ապարատը, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյաները,  պետք է մի օր վերջապես այս ամենից անցնեն առաջ և զբաղվեն իրենց բուն գործով»,- շեշտեց Գ. Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ երգիչ Ռազմիկ Ամյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան առթիվ նրան երգ էր նվիրել , որից հետո Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ նշելով. «Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի: Հ.Գ. մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս