Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի քանդակագործ Լորենցո Քուինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իտալացի քանդակագործ Լորենցո Քուինին:
Նախագահ Սարգսյանը ողջունել է արվեստագետի առաջին այցը Հայաստան: Նա նշել է, որ մշտապես բարձր է գնահատել քանդակագործի հոր՝ Էնթոնի Քուինի դերասանական վարպետությունն ու ֆիլմերում կերտած կերպարները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լորենցո Քուինը նշել է, որ ոգեշնչված է Հայաստանի գեղեցկությամբ: «Սա պարզապես հիանալի երկիր է, որտեղ այնքան շատ բան կա բացահայտելու»,- նշել է նա:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իտալացի արվեստագետի կողմից իրականացվելիք հնարավոր ծրագրերին:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ իր նախաձեռնությամբ նախագահական նստավայրում կազմակերպվում են մշակութային տարբեր միջոցառումներ: Այս համատեքստում քննարկվել է Լորենցո Քուինի քանդակները նախագահական նստավայրում ցուցադրելու հնարավորության հարցը: