Նեյմարի հայրը հայտնել է որդու վերջնական որոշումը
Նեյմարի հայրը կրկին խոսել է իր որդու, ՊՍԺ-ի և կատալոնական «Բարսելոնայի» շուրջ պտտվող անվերջ խոսակցությունների մասին:
Այս շաբաթ մամուլում հայտնվել էր տեղեկատվություն, որ Նեյմարի ներկայացուցիչները՝ հայրը և փաստաբանը, պետք է մեկնեին Բարսելոնա և հանդիպեին ակումբի ներկայացուցիչների հետ:
Մասնավորապես Esporte Interativo-ն էր գրում, որ Նեյմարի հայրն ու փաստաբանն արդեն իսկ Բարսելոնայում են և արդեն քննարկում են պայմանագրի վերջնական մանրամասները:
Սակայն, ֆուտբոլիստի հայրը նշել է, որ ոչ մի բանակցություններ էլ չեն ընթանում:
«Նման բան ծրագրված չէ, ես Բրազիլիայում եմ և այստեղ էլ մնալու եմ, մինչև որդիս վերադառնա»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ Նեյմարը ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, իր ապագան կապում է այդ ակումբի հետ և չի պատրաստվում ամռանն ինչ-որ տեղ հեռանալ:
«Պետք է հանգստություն պահպանեք: Գնալու մասին լուրերը միշտ կհայտնվեն, հնարավոր չէ, որ այլ ակումբներից մարդիկ չերազեն նման խաղացողի մասին, ինչպիսին Նեյմարն է:
Նեյմարը ցանկություն հայտնեց մնալ ՊՍԺ-ում երկու տարի առաջ, երբ ստորագրեց պայմանագիրը: Երկրպագուները կարող են հանգիստ քնել, այժմ Նեյմարը չի ցանկանում հեռանալ ՊՍԺ-ից: Հանգիստ եղեք, իմ որդին արդեն որոշում կայացրել է:
Կա 2 մարդ, որ խոսում է Նեյմարի անունից՝ ես ու որդիս: Մենք ոչ մի անգամ չենք խոսել այս մասին: Ինչ-որ մեկը երբևէ լսե՞լ է, որ մենք ինչ-որ բան ասենք այդ մասին: Ոչ:
Պարզ է՝ երբ խոսվում է տրանսֆերների մասին, բոլորը հիշում են Նեյմարին: Հնարավոր չէ դադարեցնել խոսակցությունները նման ֆուտբոլիստի շուրջ»,- նշել է Նեյմար ավագը:
Նեյմարը կատալոնական ակումբից տեղափոխվեց ՊՍԺ 2017 թվականին՝ 222 միլիոն եվրոյի դիմաց:
Մամուլը շարունակում է համառորեն պնդել, որ Ամերիկայի գավաթից հետո Նեյմարը կհայտարարի, որ ցանկություն ունի վերադառնալ կատալոնական ակումբ: Ըստ լուրերի՝ այդ հայտարարությունից հետո ՊՍԺ-ն այլևս ելք չի ունենա և կսկսի բանակցությունները:
Այժմ Նեյմարն ապաքինվում է վնասվածքից, ինչի պատճառով հնարավորություն չունի մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը:
Սիրարփի Աղաբաբյան