Բաժիններ՝

Հայկ Մարությանն առաջարկում է քննարկել Երևանում երթևեկության արագության շեմը 60-ից 50 կմԺ նվազեցնելու հարցը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստին անդրադառնալով ավտովթարների վերաբերյալ խնդրին՝ նշեց, որ մայրաքաղաքը վտանգավոր է ոչ միայն հետիոտնի, այլև վարորդների համար։

«Կարծում եմ՝ այս հարցին պետք է գլոբալ լուծում լինի, բնականաբար, նախաձեռնողը պետք է քաղաքապետարանը լինի, սակայն պետք է միանա նաև ոստիկանությունը և ոչ միայն, նաև՝ տարբեր գերատեսչություններ»,- ասաց քաղաքապետը։

Խնդրի լուծումների վերաբերյալ Հայկ Մարությանը նշեց, որ արդեն տվել է հանձնարարական, որպեսզի բոլոր անցումների վրա լինի հատուկ լուսավորություն։

«Բնականաբար, ամբողջ քաղաքը չեն կարողանալու միանգամից անել, բայց ասել եմ, որ գույքագրեն ամենամութ և վտանգավոր անցումները և դրանք լուսավորեն»,- տեղեկացրեց քաղաքապետը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ քննարկման է ենթակա նաև մեկ այլ առաջարկ՝ մեքենաների արագությունը որոշ չափով նվազեցնելու վերաբերյալ՝ 60 կմԺ-ից իջեցնել 50 կմԺ-ի։ Եվրոպական շատ երկրներում նորմալ արագությունը հենց 50 կմԺ-ն է, այլ ոչ թե 60-ը։

Նա նաև առաջարկեց մայրաքաղաքում ավելացնել վերգետնյա և ստորգետնյա անցումները։

«Չնայած յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին մոնիտորինգ եմ անցկացնում, և շատ դեպքերում մարդիկ գրեթե չեն օգտվում վերգետնյա և ստորգետնյա անցումներից։ Այս վիճակում խնդիրը որոշ չափով կնվազի, բայց չի լուծվի, քանի որ մարդիկ գերադասում են ճանապարհն անցնել արագ, քան օգտվել անցումներից, ցավոք, դա էլ բերում է վատ դեպքերի»,- շեշտեց Հայկ Մարությանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս