«Նույն Գալուստ Սահակյանի չլինելը որևէ խոչընդոտ չի լինի նախագահի ընտրություններում, ուր մնաց Վարդան Ղուկասյանին»
168.am-ի այն հարցին, թե ճի՞շտ է, որ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանն ու կուսակցության մարզային խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը սեպտեմբերի 9-ին կայանալիք Կապանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու են ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը, ով 168.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր այդ մասին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ թե մարզային դաշտով է սատարումը, այլ կուսակցության: Իհարկե, պաշտպանելու ենք Աշոտ Հայրապետյանին»:
Իսկ մեր այն հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն այլևս չի պաշտպանում իր կուսակցի՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թեկնածությունը, և ինչո՞վ է վերջինս արժանացել ՀՀԿ-ի նման վերաբերմունքին, Գ. Սահակյանը պատասխանեց. «Կուսակցությունն իր անդամներին պաշտպանում է, բայց հիմնական վերլուծականը գնացել է, որ ավելի դրական են գնահատում, որպեսզի Գյումրի քաղաքապետի պաշտոնը ստանձնի Սամվել Բալասանյանը: Մենք դրական վերաբերմունք ունենք Սամվել Բալասանյանի թեկնածության նկատմամբ»:
168.am-ի հաջորդ հարցին էլ, թե գալիք նախագահական ընտրություններում Վ. Ղուկասյանի քաղաքական դաշտում չլինելու հանգամանքն արդյոք չի վնասի՞ ՀՀԿ-ի թեկնածուի ընտրությանը՝ հաշվի առնելով այն, որ Ղուկասյանին հաջողվում էր տարբեր միջոցներ կիրառելով ձայներ ապահովել կուսակցության ու նրա թեկնածուի համար, Գ. Սահակյանը պատասխանեց. «Հանրապետության նախագահի անցած ճանապարհը, այսօրվա դիրքերը՝ և՛ ներսում, և՛ դրսում՝ արտաքին աշխարհում, այնպիսինն են, որ նույն Գալուստ Սահակյանի չլինելը որևէ խոչընդոտ չի լինի նախագահի ընտրություններին, ուր մնաց Վարդան Ղուկասյանին»:
Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ՀՀԿ-ն Վարդան Ղուկասյան-Աշոտ Աղաբաբյան հրապարակային վիճաբանության վերաբերյալ դիտողություն արե՞լ է նրանցից որևէ մեկին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Չեմ կարծում, թե ՀՀԿ-ն հենց նրա համար է, որ այդպիսի բանավիճային տարբերակումներում քննարկումներ անի: Ճշմարտությունը մեկն է, ինչը ժողովուրդը կգնահատի առաջիկայում»: