Գլխավոր դատախազությունը պատրաստվում է Տիմոշենկոյին մեղադրել սպանության մեջ
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պատրաստվում է Յուլիա Տիմոշենկոյին ներկայացնել նոր մեղադրանք: Նրան այդ մեղադրանքը կներկայացվի, երբ Տիմոշենկոյի ինքնազգացողությունը կլավանա:
Տիմոշենկոն մեղադրվում է պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանության մասնակցության մեջ: Այս մասին, ըստ «УНИАН» լրատվական գործակալության՝ հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը:
«Ինչպես հայտարարել են գերմանացի բժիշկները, նա 8 շաբաթ սթրեսներից հանգստանալու կարիք ունի: Ահա և մենք սպասում ենք, մինչև այդ ժամկետը կլրանա: Երբ բժիշկները կթույլատրեն անհանգստացնել նրան, մենք անմիջապես մեղադրանքով կայցելենք նրան: Մեր մոտ ամեն ինչ պատրաստ է»,- ասել է Կուզմինը:
Հարցին՝ արդյո՞ք խոսքը Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցվող նոր քրեական գործի մասին է, Կուզմինը՝ բացասական պատասխան է տվել: «Շչերբանին սպանողների գործը հետաքննված է, ուղարկվել է դատարան և արդեն կայացվել է վճիռ: Սակայն սպանության պատվիրատուների գործը առանձնացվել է: Այդ գործընթացը իրականացնում էին գլխավոր դատախազության կենտրոնական ապարատի աշխատակիցները: Նրանք բացահայտել են պատվերով հանցագործության կազմակերպիչներին և ֆինանսավորողներին: Մենք մտադիր ենք ներկայացնել մասնակցության մեղադրանք»,- ասել է Կուզմինը:
Հիշեցնենք, որ ֆինանսիստ և Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շչերբանին գնդակահարվել է 1996 թվականին, Դոնեցկի օդանավակայանում: Նրա հետ զոհվել են նաև կինը և օդանավակայանի մի աշխատակից: Քննչական մարմինների առաջ քաշած վարկածով սպանությունը պատվիրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոն, ով գործում էր հանուն «Ուկրաինայի միասնական էներգետիկական համակարգեր» կորպորացիայի շահերի: Այդ ժամանակ կորպորացիան գլխավորում էր Յուլիա Տիմոշենկոն: