«Ավելի լավ է պարի ընկերներ լինել, քան լիֆտի». Շարմազանովը՝ Փաշինյանին

«Օտարերկրյա գործակալների հարցը չլուծած, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ևս մեկ անհեթեթ հայտարարությամբ՝ նշելով, որ Արցախում և Հայաստանում կան դավադիր ուժեր, որոնց նպատակն է պատերազմ հրահրելը։ Ասել և կրկնում եմ՝ Փաշինյանի այս հայտարարությունը հակապետական հայտարարություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ նախկին փոխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Կառավարության  վերջին վեց ամիսների աշխատանքներին ու գրանցած ձախողումներին։

Նրա խոսքով՝ ՀՀ դիվանագիտությունը վերջին 25 տարում բոլոր միջազգային ատյաններում փաստերով ներկայացրել է, որ տարածաշրջանում անվտանգության միակ սպառնալիքը Թուրքիան ու Ադրբեջանն են։ Իսկ այսօր ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Արցախում ու Հայաստանում կան դավադիր ուժեր, որոնք պատերազմ են ցանկանում։ Այս հայտարարությունը կանաչ լույս է Ադրբեջանի համար՝ ռազմական գործողություններ վերսկսելու և դրանց ամբողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա դնելու համար։

Էդուարդ Շարմազանովը նաև հավելեց, որ վերջին ամիսներին Ադրբեջանն ու Թուրքիան մի քանի անգամ համատեղ զորավարժություններ են անցկացրել, մինչդեռ Հայաստանում իշխանությունը զբաղված էր հասարակությանը սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանելով։

«Մինչ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն էին անցկացնում, մեր իշխանությունը Մաշտոցի պողոտայում քաբաբ ու խորոված էր ուտում, ով էլ չէր ուզում ուտել, ասում էին՝ գնա, խաշ կեր։ Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Արցախ, որպեսզի մասնակցեր համազգային տոնին: Տեսնելով, որ Արցախի հերոս Սերժ Սարգսյանը նույնպես այնտեղ է, միանգամից վերադարձավ, տնաշենը չսպասեց՝ գոնե մեկ օր անցնի, ու միանգամից գրառում կատարեց, թե Արցախում գլուխ են բարձրացրել հակահեղափոխականները։ Այդ մարդիկ Արցախի հերոսներ են, որքան էլ սրբագրի պատմությունը, բաներ կա, որ չի կարող սրբագրել։ Ամենավտանգավոր բանն այն է, որ Փաշինյանն իր անձնական խնդիրները չի կարողանում առանձնացնել պետական խնդիրներից»,- շեշտեց Է. Շարմազանովը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ երբ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատարանում անձնական երաշխավորություն ներկայացրեցին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվի, վարչապետը մի քանի օր անց նյարդայնացած հայտարարեց, թե Արցախի իշխանությունները նրա պարի ընկերներն են։

«Սա ի՞նչ խոսելու ձև է, քուչի բազա՞ռ է։ Ավելի լավ է պարի ընկերներ լինել, քան լիֆտի։ Փաշինյանը նաև հայտարարեց, թե բանակցային գործընթացի վերաբերյալ ինքն է տեղեկություններ փոխանցել Արցախի իշխանություններին, մինչև այդ որևէ տեղեկություն չեն ունեցել, որից հետո Բակո Սահակյանը կարճ ասաց, որ Նիկոլը սուտ է խոսում, քանի որ իրենք բանակցային գործընթացից տեղյակ եղել են»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս