ԱՄՆ-ում դեմոկրատ-կոնգրեսական Ջո Սեսթաքը հայտարարել է նախագահական մրցարշավին մասնակցելու մասին
Փենսիլվանիայի նահանգից դեմոկրատ-կոնգրեսական Ջո Սեսթաքը հայտարարել է նախագահական նախընտրական մրցարշավին մասնակցելու մասին, ով Դեմոկրատական կուսակցության 24-րդ ներկայացուցիչն է, որը հավակնում է այս կուսակցությունից թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում: Իր տեսաուղերձն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալը հունիսի 23-ին զետեղել է իր կայքում։
«Ողջունում եւ շնորհակալություն եմ հայտնում այն բանի համար, որ ինձ միացաք այն պահին, երբ ես հայտարարեցի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար իմ թեկնածությունն առաջադրելու մասին»,-ասել է նա: Սեսթաքի խոսքով՝ իր որոշման մասին ինքը Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու մյուս հավակնողներից փոքր-ինչ ավելի ուշ է հայտարարել այն պատճառով, որ իր դուստրը պայքարում էր քաղցկեղի դեմ եւ միայն վերջերս է հաղթել հիվանդությանը:
Սեսթաքը, որը Կոնգրեսում ընտրվել է 2006 թվականին, իր տեսաուղերձում ընդգծել է, որ մտադիր Է պաշտպանել աշխատավոր դասակարգի իրավունքները: Բացի Սեսթաքից, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին հայտարարել է 23 հավակնորդ: Հավակնորդներից նրանք, ովքեր կկարողանան առնվազն երեք հարցման արդյունքում ստանալ ընտրողների 1 տոկոսի աջակցությունը եւ հավաքել առնվազն 65 հազար ընտրողների նվիրատվություն, կմասնակցեն առաջին երկու համազգային հեռուստաբանավեճերին, որոնք հունիսի 26-27-ին անցկացվելու են Մայամիում (Ֆլորիդայի նահանգ) եւ հուլիսի 30-31-ին՝ Դեթրոյթում (Միչիգանի նահանգ):
Հաջորդ երկու հեռուստաբանավեճերին մասնակցելու համար պայմանները խստացված են. հավակնորդները պետք է առնվազն 2 տոկոս աջակցություն ստանան հարցումների արդյունքում եւ նվիրատվություններ հավաքեն 130 հազար ընտրողներից: Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն հայտարարել է, որ ընդհանուր առմամբ պլանավորված է հավակնորդների 12 հեռուստաբանավեճ, ընդ որում՝ դրանցից վեցը տեղի կունենան դեռ մինչեւ ընթացիկ տարվա վերջը, եւս վեցը՝ 2020 թվականի հունվարից մինչեւ ապրիլ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: