Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը. «Փաստինֆո»

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը, որով բավարարվել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Էթիկայի հանձնաժողովի:  Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանից:

Հիշեցնենք, որ դատարանը պարտավորեցրել էր հանձնաժողովին ոչնչացնել Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և հօգուտ Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ` որպես դատական ծախս։

Մհեր Հակոբյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ դատարանի վճիռն ու իրենց հայցը, ըստ էության, համընկել են. «Մեր հայցը բավարարվել է այն հիմքով, որ 2018 թվականի ապրիլի 9-ից սկսած  ՀՀ Պետական պահպանության ծառայության առաջին տեղակալը դադարել է լինել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հետեւաբար՝ Էթիկայի հանձնաժողովը իրավասու չէր ընդունելու այդ հայտարարագրերը»:

Ինչ վերաբերում է դրանք ոչնչացնելուն, ըստ փաստաբանի՝ դա բխում է Սահմանադրությունից եւ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքից, սակայն քանի դեռ հանձնաժողովը բողոքարկում է դատարանի որոշումը, հայտարարգրերը չեն ոչնչացվի:

Նշենք, որ հունիսի 12-ին գործն ուղարկվել է Վարչական վերաքննիչ դատարան: Նիստը օրը դեռեւս հայտնի չէ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս