«Եվրաինտեգրման գերակայությունը կոռեկտ չէ հակադրել Եվրասիական գործընթացի հետ»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը, խոսելով «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը ՌԴ` տարածաշրջանային գործընթացների համատեքստում» թեմայով, կարծիք հայտնեց, որ տարածաշրջանում տեղի ունեցող  իրադարձությունները հաշվի առնելով սխալ է  Մոսկվայում ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի ՌԴ նախագահ Վ.Պուտինի հետ հանդիպման օրակարգի միակ հարց դարձնել Եվրասիական միության հարցը: Նա առաջին հերթին նկատի ունի Սիրիայի շուրջ ծավալվող բուռն իրադարձությունները, նաև Թուրքիայի և Իրանի՝ այս գործընթացների մեջ ներքաշված լինելը և Հայաստանի՝ այս տարածաշրջանին շատ մոտ լինելը, և Հայաստանի՝ շատ մոտ լինելը այս տարածաշրջանին, ինչպես նաև այն, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում ՀԱՊԿ-ի հարավային ուղղության պատասխանատուն է Ռուսաստանի հետ միասին:

«Հաշվի առնելով այս ամենը, օր օրի սրացումը, հաշվի առնելով այն խնդիրը, որ իրադարձությունները կարող են զարգանալ նաև ֆորսմաժորային սցենարով, ինչպես նաև մեր ազգաբնակչության` Սիրիայում գտնվելը և ֆորսմաժորի դեպքում հնարավոր սցենարները, կարծում եմ՝ առավել քան բնական էր, որ ռազմավարական գործընկերները պետք է այդ հարցի շուրջ` որպես ժամերի ընթացքում զարգացող հրատապ հարց, ունենային հանդիպման և խորհրդակցության կարիք: Փորձել այս ամենը չտեսնել և որպես գլխավոր կամ միակ հարց օրակարգ բերել Եվրասիական միության գործընթացները, կարծում եմ, ավելի քան անկոռեկտ է նման իրավիճակում»,- ասաց Կարեն Բեքարյանը:

Սակայն մյուս կողմից` նա չբացառեց, որ Մոսկայում երկու երկրների ղեկավարները կարող էին քննարկել նաև Եվրասիական ինտեգրման հարցերը. «Հիմա հարցի երկրորդ մասը. կքննարկվե՞ր արդյոք հանդիպման ժամանակ Եվրասիական գործընթացին վերաբերող հարց, բնական է, որ կարող էր քննարկվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա այդ գաղափարը, այդ գաղափարի հետ կապված կան քննարկումներ մի շարք երկրներում` այդ թվում աշխարհագրական Եվրասիայի երկրներում, որից մեկն էլ Հայաստանն է: Բնականաբար նման քննարկումներ կարող էին լինել, որովհետև երբ միմյանց հետ հանդիպում են երկու երկրների ղեկավարներ, առավելևս Պուտինն իր երեկվա խոսքում ուղղակիորեն նշեց, որ ողջ երկկողմ հարաբերությունների երկկողմ սպեկտորի մասին, բնականաբար այս հարցը կարող էր լինել: Բայց դրա հետ կապել հրատապությունը և այն դարձնել օրակարգի համար 1 խնդիր, կարծում եմ` մենք կամ մեր այն գործընկերները, ովքեր փորձեցին Եվրասիական հարցը տեսնել որպես գլխավոր հարց, այստեղ բավական սխալվել ենք»:

Կ.Բեքարյանը գտնում է, որ դեռևս վաղ է Եվրասիական միության անդամակցության հարցը դարձնել լայն քննարկումների առարկա, քանի որ այն դեռևս գտնվում է գոյություն ունեցող գաղափարի մակարդակի վրա և դեռ չի վերածվել թղթի և ծրագրի: Նա նաև կարծիք հայտնեց, որ ուշադրությունից դուրս է մնացել Եվրասիական գործընթացի տնտեսական ասպեկտը, իսկ Եվրասիական ինտգրումը Եվրոպական ինտեգրացիային հակադրելը կոռեկտ չէ:

«Տնտեսական ասպեկտը` որպես այդպիսին, նրա օբյեկտիվ և սուբյեկտիվ նախադրյալները չեմ կարծում, որ լիարժեքորեն քննարկված են, բայս սա պետք է արվի տնտեսագետների կողմից: Փորձել սա հակադրել ՀՀ Եվրաինտեգրման ուղղության և գերակայության հետ, նորից կրկնեմ, կարծում եմ որ կոռեկտ չէ»,- ասաց նա:


Տեսանյութեր

Լրահոս