«Մենք պատերազմ չենք ցանկանում, չենք կարծում, որ Իրանը պատերազմ է ցանկանում». Ադամ Շիֆ
Ամերիկացի օրենսդիրները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հունիսի 20-ին կայացած հանդիպմանը հորդորել են նրան ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել Իրանի հետ հակամարտության, ինչպես նաեւ կոչ են արել՝ Վաշինգտոնի գործողությունները համաձայնեցնել դաշնակիցների հետ: Այդ մասին Associated Press գործակալության լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիայի նահանգից):
Ինչպես նշում է գործակալությունը, Սպիտակ տանը կայացած հանդիպումը վերաբերել է Իրանի շուրջ ստեղծված իրադրությանն այն բանից հետո, երբ այդ երկրի զինված ուժերը ամերիկյան անօդաչու խոցեցին: Շիֆի խոսքով՝ օրենսդիրներն ընդգծել են «ապաէսկալացման անհրաժեշտությունը»:
Նրանք նաեւ հորդորել են Թրամփի վարչակազմին՝ փոխգործակցել ԱՄՆ-ի դաշնակիցների հետ, եւ նշել են, որ Մերձավոր Արեւելքում լարվածության աճի կապակցությամբ «չնախատեսված հետեւանքների ռիսկ» գոյություն ունի: Շիֆի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ցանկացած հնարավոր ռազմական գործողություն հավանություն է պահանջում ամերիկացի օրենսդիրների կողմից: CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Շիֆը նշել է. «Մենք պատերազմ չենք ցանկանում, չենք կարծում, որ Իրանը պատերազմ է ցանկանում»:
Կոնգրեսի Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը նույնպես Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր ցանկացած գործողություն պահանջում է Կոնգրեսի հավանությունը:
«Նախագահը, հնարավոր է, մտադիր չէ պատերազմ սկսել տվյալ իրավիճակում, բայց մենք անհանգստացած ենք այն բանից, որ Վաշինգտոնի վարչակազմը կարող է ներքաշվել պատերազմի մեջ»,-ասել է Շումերը: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ դեմոկրատ Նենսի Փելոսին Դոնալդ Թրամփի վարչակազմին նախազգուշացրել է Իրանի հետ լարվածության էսկալացումից:
«Կարեւոր է մշտական շփման մեջ լինել մեր դաշնակիցների հետ, ինչպես նաեւ ամեն ինչ անել իրադրության ապաէսկալացման համար»,-գրել է Փելոսին Թվիթերում: Իրադրությունը վտանգավոր է, լարվածությունը մեծ է, եւ դա հաստատակամ, խելացի ու ռազմավարական մոտեցում է պահանջում»,-հավելել է Փելոսին: