Բաժիններ՝

«Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ամբողջ տարածքը պաշտպանված է ցանկացած ոտնձգությունից». Սևակ Տոռոզյան

ՀՀ Զինված ուժերի Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստ են հակադարձել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների օդային տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սևակ Տոռոզյանը:

Փոխգնդապետ Տոռոզյանի ենթակայության տակ գտնվող զորամասը հունիսի 18-ին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկած մարտական հրաձգությամբ զորավարժությունների մասնակիցներից մեկն է:

«Զորամասը շուրջօրյա կրում է մարտական հերթապահության համար 2 պատրաստականությունը: Զորավարժությունների շրջանակներում փորձարկվում են ինչպես նոր զենիթահրթիռային համալիրներն, այնպես էլ արդիականացված զենիթահրթիռային համալիրները: Ցանկացած ոտնձգության պատրաստ ենք օրվա ցանկացած պահի և եղանակի: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ամբողջ տարածքը պաշտպանված է ցանկացած ոտնձգությունից»,- ասաց Տոռոզյանը:

Զորավարժությունների ընթացքում զորամասում փորձարկվում են նաև S-300 հեռահար զենիթահրթիռային համալիրները:

«Մինչև 6 րոպեում զենիթահրթիռային համալիրները բերվում են համար 1 պատրաստականության վիճակի և պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Զորավարժության ընթացքում փորձարկվում են նաև հայկական արտադրության նոր տեսակի ռադիոլոկացիոն կայանները: Մշակվում են փոխգործակցության հարցերը Պաշտպանության բանակի Հակաօդային պաշտպանության ուժերի ու միջոցների հետ»,- նշեց փոխգնդապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս