ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով. դեսպանություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով, և այժմ Մելքոնյանը կարող է անարգել մտնել Վրաստանի տարածք: Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը:
«Հաշվի առնելով ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտք գործելու հարցի առնչությամբ առաջացած հանրային հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը Վրաստանի պատկան մարմիններից ստացել է տեղեկատվություն, որ հունիսի 6-ին թուրք-վրացական «Կարծախի» անցակետում Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով, և ՀՀ քաղաքացի Աշոտ Աղասու Մելքոնյանը կարող է անարգել մտնել Վրաստանի տարածք»,- նշված է Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ: