«ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը». Բոլթոնը՝ Մնացականյան-Մամեդյարով նախատեսվող հանդիպման մասին

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ Վաշինգտոնում նախատեսվող հանդիպումներին:

«Անհամբերությամբ սպասում եմ շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներին, որպեսզի խրախուսեմ նրանց միջև երկխոսության շարունակումը: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բոլթոնը:

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը:

ՀՀ ԱԳՆ տարածած մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը Վաշինգտոնում հանդիպումներ կունենա նաև ԱՄՆ մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Տեսանյութեր

Լրահոս