Այս անգամ գուցե հայկական պատվիրակությունն ինչ-որ տեղ թերացել է, որովհետև ամբողջական եզրակացություն չենք ունեցել. Անդրանիկ Քոչարյան
Բրատիսլավայում վերջերս կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի բոլոր ելույթներում կարմիր գծով անցնում էին այսօր տեղի ունեցող հակամարտություններին, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի մասնակցությանը, նաև եղել են դրվագներ, երբ Ադրբեջանի պատվիրակները փորձել են ճեղքել և Ղարաբաղի հակամարտության թեմայով հարցեր հնչեցնել:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ հայկական պատվիրակության անդամները պատասխանել են այդ փորձերին:
«Մեր խնդիրն էր ընդամենը հակազդել, բայց դա չի լինելու աշնանային նստաշրջանում մեր տարբերակը, որովհետև մենք որոշեցինք, որ մեր նախաձեռնողականությունը պետք է լինի ավելի բարձր և այս հարթակն ավելի լուրջ պետք է օգտագործենք»,- ասաց Քոչարյանը:
Նա անկեղծացավ, որ այս անգամ գուցե հայկական պատվիրակությունն ինչ-որ տեղ թերացել է, որովհետև գնալուց առաջ իրենք խնդրել էին փորձագիտական եզրակացություն տալ իրենց զեկույցներին, բայց ամբողջական եզրակացություն չեն ունեցել.
«Այս այցելությունից հետո հասկացանք, թե ինչպես պետք է օգտագործենք ամբողջ կառույցների հնարավորությունն ամբողջ ծավալով՝ ԱԳՆ-ի, ԱԺ-ի, գործընկեր մյուս կառույցների: Գուցե գտնենք վերջնական մի գաղափար, որ ցանկալի և ընդունելի կլինի բոլորի համար»:
Ա.Քոչարյանի խոսքով՝ կարևորվել է կիբերանվտանգությունը, ֆեյքերի դեմ պայքարը.
«Ֆեյքային պատերազմները դարձել են աշխարհի համար կարծես մարտահրավեր և մենք նաև Հայաստանում ենք տեսնում, թե ֆեյքերն ինչպիսի բովանդակություն են ստանում, մարդը չի երևում, բայց դա դառնում է քաղաքական տրամադրություններ ձևավորող համակարգ: Այդ խնդիրը պետք է լուծվի, որովհետև եթե մարդը չկա, այդ տրամադրությունները կարող են վտանգ ներկայացնել ցանկացած երկրի անվտանգության համակարգին»: