«Ընտրություններին մասնակցության տարբեր մոդելներ ենք փորձարկում, կիրառում». Նիկոլ Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները որպես կենաց-մահու պայքար չի դիտարկում: «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ «Քաղաքացիական պայմանագիրը» դարձել է իշխող կուսակցություն, մենք քննարկում ենք ունեցել, և ամեն անգամ ՏԻՄ ընտրություններից առաջ էլ մենք քննարկում ենք, և հարց ենք դնում մեր առաջ` արդյո՞ք մենք ամենուր հաղթելու խնդիր պետք է դնենք մեր առաջ, արդյո՞ք մենք բոլոր ընտրությունները պետք է մեզ համար դարձնենք կենաց-մահու պայքար: Եվ մեր եզրակացությունն այն է, որ՝ ոչ, որովհետև հակառակ դեպքում մենք կընկնենք նույն տրամաբանության մեջ, ինչ նախկինում է գոյություն ունեցել։ Մյուս կողմից՝ դա չի նշանակում, որ մենք պետք է ընտրությունները պարտվելու խնդիր դնենք մեր առաջ, և կարող եմ ասել, որ մենք հիմա գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ ընտրություններին մասնակցության տարբեր մոդելներ ենք փորձարկում, կիրառում»,- ասել է Փաշինյանը:
Հունիսի 9-ին Հայաստանի 23 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն, ըստ նախնական արդյունքների, հավաքել է 8 հազար 453 ձայն: ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Գրիգոր Գուլյանը հավաքել է 8 հազար 58 ձայն: Սասուն Գրիգորյանը հավաքել է 731, Արթուր Ղազարյանը՝ 139, Մանուկ Մկրտչյանը 435 ձայն: