Բաժիններ՝

Գյուղնախարարությունը սուտ թվեր է ներկայացնում

ՀՀ Գյուղնախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել են «Աճի միտումներ 2012 թվականի առաջին կիսամյակում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում»` պաշտոնական տվյալները: Ըստ այդ ցուցանիշների, Հայաստանը կարելի է համարել հզոր գյուղատնտեսություն ունեցող երկիր՝ զերծ բոլոր տեսակի մշակության, գյուղատնտեսական տեխնիկայի, մթերման, իրացման խնդիրներից:

Ըստ այդ տվյալների` 2012թ. օգոստոսի 7-ի դրությամբ՝ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 9365.7 տոննա պտուղբանջարեղեն, որից՝ 8135.7 տոննա պտուղ, այդ թվում՝ 6375.3 տոննա ծիրան և 1230.0 տոննա բանջարեղեն:

Հիշեցնենք, որ 168.am-ի թղթակիցն օրերս զրուցել էր ՀՀ գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի հետ, ով ասել էր, որ դեռևս կան գործարաններ, որոնք դեռ չեն լուծել իրենց ֆինանսական խնդիրները, և դրանք լուծելուց անմիջապես հետո կսկսեն բանջարեղենի մթերման գործընթացը: Հիշեցնենք նաև, որ 168.am-ն ահազանգ էր ստացել Արմավիրի մարզի գյուղացիներից այն մասին, որ գործարանները բանջարեղեն դեռևս չեն մթերում, ինչի պատճառով մարդիկ բերքի հսկայական կորուստներ են ունենում: Նշենք նաև, որ գյուղմթերքի շուկայում իրացման գինը չափազանց ցածր է. լոլիկը շուկայում դեռ շարունակում է վաճառվել 30-50 դրամով, սմբուկը վաճառվում է 20-30 դրամով: «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը մեր այն հարցին, թե ի՞նչ կարծիքի է ՀՀ գյուղնախարարության պաշտոնական էջում հրապարակված տվյալների մասին, կարճ և կոնկրետ պատասխանեց. «Ես գյուղնախարարության հրապարակած և ոչ մի տվյալի չեմ հավատում»:

Ի դեպ, առհասարակ գյուղմթերքի սերմացուն խոշոր ծախսեր է պահանջում: Սերմացուի որակից է կախված սպասվելիք բերքի որակն ու առատությունը: Գարնան սկզբին գյուղացին 1հա-ի հաշվով միայն սերմացու գնելու համար ծախսում է նվազագույնը 12.000-25.000 դրամ: Վարունգի, լոլիկի, պղպեղի սերմացուները համեմատաբար թանկ արժեն: Գյուղացին լոլիկի, վարունգի և պղպեղի սերմի ընդամենը 1 հատիկի դիմաց վճարում է 0.5-ից մինչև 100 դրամ: Ֆրանսիական, ամերիկյան և հոլանդական տեսակի միջինից բարձր սերմը գյուղացին այս տարի գարնանը գնել է 1 հատիկը՝ նվազագույնը 50-100 դրամով: Կախված սերմացուի որակից, ծլունակության աստիճանից և բերքի առատությունից, գները տարբեր են: 50-100 դրամ արժեք ունեցող սերմերն էլիտար սորտի սերմեր են կոչվում: Դրանք հիմնականում մշակվում են ջերմոցներում՝ վաղահաս բերք ունենալու համար:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս