«Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն ինքնանպատակ չէ». ՀՀ գլխավոր դատախազ

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, նշելով, որ իրենց համար կասկածելի է, որ Քոչարյանի դեմ Դատախազության ներկայացրած երկու բողոքներն էլ վստահվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։

Փաստաբան Սեդա Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի բացառվում, որ հաջորդ դատական նիստին ինքը ևս պահանջի, որպեսզի դատավորն ինքնաբացարկ հայտարարի։

Դատավորի ինքնաբացարկի հարցը քննելու և պաշտպանական կողմին որոշակի նյութեր տրամադրելու համար Արմեն Դանիելյանը նիստը հետաձգեց։

Կարդացեք նաև

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ անդրադառնալով  Արցախի ներկա և նախկին նախագահների կողմից Ռոբերտ Քոչարյանի  խափանման միջոց կալանքը փոխելու հետ կապված դատարան ներկայացրած անձնական երաշխավորությանը՝ նշեց, որ այդ  մասով որևէ օրենսդրական արգելք չի եղել։

Ինչ վերաբերում է Քոչարյանին ազատ արձակելու դատարանի որոշման դեմ բերված բողոքին, նա նշեց, որ դրանք հիմնավորված են։

«Մենք գնահատում ենք մեր բերված հիմնավորումները, որ կայացրած դատական ակտը, ընդհանուր դրա անհիմն լինելու արդյունքում, ակնհայտ վկայում է գործի քննությունը ձգձգելու մասին»,- ասաց գլխավոր դատարխազը։

Ինչ վերաբերում է Դատախազության այն պնդումներին, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, Արթուր Դավթյանը նշեց, որ դա ինքնանպատակ չէ, որովհետև հասկանալի է, թե ինչ քրեական գործի հետ գործ ունեն։

«Տեսնում եք, որ 11 տարի անց սպանության գործով գոնե հնարավոր է ապացույցներ ձեռք բերել։ Այս գործերը փոխկապակցված գործեր են, որոնց շրջանակներում հազարից ավելի անձինք են հարցաքննվել, դեռ հազար ու ավելիին էլ քննելու անհրաժեշտություն կա։ Մենք այսօր մեղադրյալ Քոչարյանին մեղսագրել ենք մի արարք, որի ընդհանուր տրամաբանության մեջ տեղի են ունեցել այդ իրադարձությունները, որտեղ ներգրավված են եղել նրա շրջապատից այլ անձինք»,- շեշտեց Արթուր Դավթյանը։

Նա նաև հավելեց, որ չունեն փաստեր, որ Ռոբերտ Քոչարյանը լինելով ազատության մեջ՝ կարող է խոչընդոտել գործի քննությանը, բայց կա հավանականություն, որ նա կարող է գործին խոչընդոտել։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս