Ռոբերտ Քոչարյանը ներկա է Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող նիստին. Քաշքշուկ դատարանի մոտ
Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության կողմից ներկայացրած բողոքի քննությունը։
Նիստը նախագահում է Արմեն Դանիելյանը, ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը։
Այս պահին դատարանի մոտ հավաքվել են Ռ. Քոչարյանի աջակիցները և սպասում են, որ դատարանը կիրականացնի անաչառ և արդար դատավարություն։
Աջակիցների խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացները քաղաքական հետապնդում են, ուստի, այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է դատարանը կայացնի այնպիսի որոշում, որ Ռ. Քոչարյանը շարունակի մնալ ազատության մեջ։
Դատարանի մոտ են նաև Ռ. Քոչարյանի ընդդիմախոսները, նրանց և աջակիցների միջև տեղի ունեցավ քաշքշուկ, որից հետո ոստիկանությունը երկու կողմերին հանդարտվելու կոչեր արեց։
Ըստ Քոչարյանի աջակիցների՝ իրենք դատարանի մոտ են եկել խաղաղ ակցիա իրականացնելու համար, իսկ ընդդիմախոսներն անընդհատ սադրում են, սակայն իրենք ամեն ինչ անում են, որպեսզի սադրանքների չտրվեն։
Զվարթ Խաչատրյան