Բաժիններ՝

«Ինչ-որ խնդիր լուծելու մի քանի տարբերակ կա՝ բացատրել, խնդրել, համոզել, վերջում չարակամորեն չկատարողին պատժել, որ դաս լինի մյուսների համար»

Ծխելու մասին օրենքի նախագիծն ամռանը կուղարկվի Ազգային ժողով: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ վերջին լրամշակումը կառավարություն մի քանի օր առաջ է ուղարկվել, հավանության արժանանալուց հետո կգա ԱԺ:

Անդրադառնալով երեկ գրանցված միջադեպին, երբ վարորդը երթուղային տաքսիից իջեցրել է ուղևորին, որը պահանջել է չծխել, նախարարը նշեց, որ իրենք արձագանքել են դրան. «Ինչ-որ խնդիր լուծելու մի քանի տարբերակ կա՝ բացատրել, խնդրել, համոզել, վերջում չարակամորեն չկատարողին պատժել, որ դաս լինի մյուսների համար: Դա մարդու իրավունքների ոտնահարում է, այն մարդկանց, որոնք ունեն առողջ մնալու իրավունք»:

Ա.Թորոսյանը նշեց, որ օրենքի փոփոխություններով նախատեսված է բարձրացնել տուգանքը, ամենամեծը՝ 200 հազար դրամ, կլինի կազմակերպությունների համար: Նա հույս հայտնեց, որ տուգանքի բարձրացումը կնպաստի, որ մարդիկ ավելի զգոն լինեն:

«Մենք մշակութային քաղաքակրթական փոփոխություն ենք ուզում անել մեր երկրում, որ Հայաստանը դասվի քաղաքակիրթ երկրների շարքում, որտեղ մարդու առողջությունն ավելի վեր է դասվում, քան ինչ-որ մեկի կամակորությունը: Եթե այդ մշակութային փոփոխությունը սկսենք ու տանենք, շատ հարցեր կլուծվեն, ինչպես այլ երկրներում: Դա ժամանակ կպահանջի, բայց մենք էլ կունենանք ավելի մաքուր տրանսպորտ, հանրային շենքեր, մաքուր օր»,- ասաց Ա.Թորոսյանը:

Անդրադառնալով նարգիլեի խնդրին՝ նախարարը նշեց, որ դա նույնիսկ ավելի վնասակար է, քան սովորական ծխախոտը, դրա միջոցով կարող են փոխանցվել վարակիչ հիվանդություններ, իսկ իրենց պարտքն է ապահովել բոլոր քաղաքացիների առողջությունը:

Հարցին՝ նախագիծը քաղաքական աջակցություն ունի՞, ի՞նչ առնչություն ունի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ա.Թորոսյանը պատասխանեց. «Նախագիծն ունի ապացուցողական աջակցություն, որը պետք է ավելի վեր դասվի, քան քաղաքական նպատակահարմարությունը: Ավինյանի հետ կապված կեղծ ինֆորմացիա էր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս