«Ինձ մեղադրում են, որ ես սպառնացել եմ ծանր մարմնական վնասվածքներ հասցնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին». Արթուր Դանիելյան

Քիչ առաջ «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանին ազատ արձակեցին։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ իրեն բերման ենթարկելու պատճառներին՝ ասելով.

«Վաղ առավոտյան ինձ ուղարկեցին մի հոդված, որն ինձ համար շատ ծանոթ ոճով էր գրված, շատ ծանոթ անձնավորության ոճով, որտեղ ինձ և իմ ընկերներին մեղադրում էին հիբրիդային պատերազմ հրահրելու մեջ. մեր նկարն էր օգտագործված՝ վրան ծաղկավոր բաբոչկա ֆոտոշոփ արված։ Հոդվածը կարդալուն պես ես հասկացա, որ մեզ բոլորիս շատ ծանոթ մի ծաղրածու այսօր հերթական շոուն է կազմակերպելու։ Շոուն կազմակերպվեց, երկու ժամ հետո մեր գրասենյակ եկան՝ ինձ համար անհայտ դրդապատճառներով… բերման ենթարկելը հայտնի էր, չհասկացա՝ ինչո՞ւ են ձեռնաշղթա հագցրել՝ որևէ դիմադրություն չէի ցուցաբերել։

Ինձ մեղադրում են, որ ես սպառնացել եմ ծանր մարմնական վնասվածքներ հասցնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին։ Խոսքն իմ այն քաղաքական հայտարարության մասին է, որը ես հնչեցրել եմ նախորդ օրն ասուլիսի ժամանակ, երբ բառացիորեն կրկնել եմ մի արտահայտություն, որ մի քանի շաբաթ առաջ Բակո Սահակյանի հասցեին կիրառել էր մի նիկոլապաշտ ակտիվիստ»։

Դանիելյանը նկատեց, որ նա այդ արտահայտությունը կիրառել է,  որովհետև նախապես իմացել է, որ ոստիկանությունն այդ հայտարարության մեջ որևէ հանցակազմ չի տեսնում.

Կարդացեք նաև

«Բայց, ինչպեսև բազմաթիվ այլ դեպքերում, այս դեպքում նույնպես, վերահաստատվեց այն փաստը, որ Հայաստանում գործում են երկակի ստանդարտներ. եթե դու քայլ արած ես, քայլ ունես արած քո կյանքում՝ հանուն այս իշխանությունների, դու մեծ առումով անձեռնմխելի ես օրենքի տեսանկյունից, մինչդեռ, եթե դու քաղաքական ընդդիմախոս ես և համարձակվում ես քո գործունեության մեջ կրկնօրինակել քաղաքացի համարվող քայլ արածներին, դու հետապնդվելու ես բոլոր առումներով՝ իրավական և ոչ միայն, այդ թվում՝ քրեական տարրերի կիրառման օգնությամբ

Ընդ որում՝ մեր երեկվա ասուլիսը սրան էր վերաբերում, որովհետև նախորդ գիշեր՝ վաղ առավոտյան, քրեական տարրերի օժանդակությամբ իշխանություները հերթական սադրանքն էին կազմակերպել, որի հիման վրա պլանավորում էին ձերբակալել մեր հ/կ անդամ Ազատ Ադամյանին։ Սա միանգամայն կրկնում է Մարալիկում տեղի ունեցած սադրանքի սցենարը»։

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը կրկին բերման էր ենթարկել «Ադեկվադ»  հ/կ անդամներից մեկին։ «Ադեկվադի» ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանները ձեռնաշղթաներով մեքենա նստեցնում Արթուր Դանիելյանին։

Ըստ տեսանյութի՝ նա բերման էր ենթարկվել վարչապետին ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիքի համար։

Հիշեցնենք նաև, որ երեկ վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ին մոտ, Գառնիում հարձակման էր ենթարկվել «Ադեկվադ»-ներից  Ազատ Ադամյանը։ Անհայտ անձը, ըստ տարածված տեղեկությունների՝ քրեական հեղինակություն, հարձակվել էր նրա մեքենայի վրա՝ ջարդել, ապա բարձրացել նրա տուն և փորձել էր ջարդել տան դուռը։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս