Բաժիններ՝

Մոլդովայի նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հրաժարական չի տա, չնայած Դեմոկրատական կուսակցության շանտաժին, որը չի ցանկանում զիջել իշխանությունը: Այդ մասին պետության գործող ղեկավարը հայտարարել է հունիսի 10-ին երկրի խորհրդարանում կայացած բրիֆինգի ընթացքում, որը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները:

«Դեմկուսը չի ցանկանում խաղաղ կերպով զիջել իշխանությունը, չնայած այն բանին, որ խորհրդարանական մեծամասնությունը եւ կառավարությունը ճանաչվել են մեր գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից: Նախկին իշխանության գլխավոր խնդիրը նախագահին հեռացնելն է, որն ստորագրում է խորհրդարանի կողմից ընդունվող օրենքները: Եվ եթե նա չլինի, ապա դրանք կստորագրի վարչապետի պաշտոնակատար, դեմոկրատ Պավել Ֆիլիպը»,-ասել է Դոդոնը: Նրա խոսքով՝ դրա համար իր ընդդիմախոսները տարբեր սցենարներ են մշակում:

Մոլդովայի խորհրդարանը փետրվարի 24-ի ընտրություններից հետո փորձում էր կազմել կառավարող կոալիցիա եւ կառավարություն: Միայն հունիսի 8-ին նախագահ Իգոր Դոդոնին աջակցող սոցիալիստներն ի վերջո Acum դաշինքի հետ համաձայնության եկան հանդես գալ նախորդ խորհրդարանը եւ նախարարների կաբինետը վերահսկող Մոլդովայի դեմոկրատական կուսակցության (ՄԴԿ) դեմ, որը ղեկավարում է օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկը: Խորհրդարանի խոսնակ ընտրվեց սոցիալիստների առաջնորդ Զինաիդա Գրեչանիյը, իսկ կառավարությունը կազմվեց վարչապետ Մայա Սանդուի գլխավորությամբ, որը դաշինքի ղեկավարներից մեկն է:

Դրանից անմիջապես հետո ՄԴԿ-ն դիմեց Սահմանադրական դատարան, որն անօրինական ճանաչեց կոալիցիայի եւ կառավարության ձեւավորումը: Այնուհետեւ Սահմանադրական դատարանը վարչապետի պաշտոնակատար եւ ՄԴԿ-ի անդամ Պավել Ֆիլիպին թույլ տվեց նախագահի փոխարեն հրամանագիր ստորագրել խորհրդարանի արձակման մասին: Դոդոնը դա գնահատեց որպես իշխանության բռնատիրման փորձ: Իրենց կողմից Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, այլ երկրներ ու կազմակերպություններ, անհանգստություն հայտնելով Մոլդովայում տիրող ճգնաժամի կապակցությամբ, հայտարարել են խորհրդարանի եւ նոր կաբինետի հետ համագործակցելու պատրաստակամության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս