Արձակագիր Ռաֆայել Նահապետյանի որդին իր հոր տարբեր ժամակաշրջանների գործերն ամփոփել է «Ուշադրություն, սկսվում է» ժողովածուում
«Ուշադրություն, սկսվում է» ժողովածուն ներկայացնում է արձակագիր Ռաֆայել Նահապետյանի տարբեր ժամանակահատվածներում գրված լավագույն պատվածքները: Վերնագիրը սիմվոլիկ է՝ փորձ է արվում մոռացությունից փրկել արձակագրի շատ արժեքավոր գործեր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հունիսի 8-ին՝ արձակագրի ծննդյան օրվա առիթով գրքի շնորհանդեսին այս մասին ասաց Նահապետյանի որդին՝ Հայկարամ Նահապետյանը, ով կազմել է ժողովածուն:
«Գիրքը տարբեր ժամանակահատվածների՝ 1970-ականներից սկսած մինչ իր կյանքի մայրամուտը գրված պատմվածքների ծաղկաքաղ է: Ներառված է նաև նրա «Ուշադրություն, սկսվում է» վիպակը, որը գրվել է 1988-1989թթ: Ընտրել ենք սիմվոլիկ վերնագիր՝ «Ուշադրություն, սկսվում է»՝ կարծես սկսվում է իր վերադարձը, սրանով մենք փորձում ենք վերադարձնել գործեր, որոնք ըստ էության մոռացված էին: Օրինակ «Ամառային արձակուրդ գյուղում» պատմվածքը, որը ես միշտ շատ սիրել եմ, տպվել է մեկ անգամ՝ մոտ 40 տարի առաջ, և դրանից հետո ոչ մի անգամ չի վերատպվել, այսինքն՝ դա անտիպ չէ, բայց ըստ էության, անհայտ է: Մենք փորձում ենք սրանով մոռացությունից փրկել շատ արժեքավոր գործեր»,-ներկայացրեց Նահապետյանը:
Ռաֆայել Նահապետյանն իր բոլոր գործերը գրել է գրամեքենայով: Որդին պատմեց, որ թեև ինքը հորը տրամադրել է համակարգիչ, սակայն նա հրաժարվել է դրանով աշխատել։ Հայկարամ Նահապետյանը նկատեց՝ նա այն սերնդից էր, որ պետք է լսեր մեքենայի կտկտոցը:
Գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ մոտ 8 տարի առաջ ստեղծված մատենաշարի նպատակը գրականության ընթացքի մեջ և մեր թարգմանական գրականության ընթացքի մեջ որոշակի արժևորումներ անելն է: «Մեր կարծիքով Ռաֆայել Նահապետյանը մեր գրական ընթացքի լավագույն ներկայացուցիչներից է, որի գործերն արժանի են ընթերցման: Իր ձեռագրով, իր ստեղծագործական հետագծով իսկապես տարբերվող գրող է: Մանավանդ 90-ականներին, երբ մեր գրականության մեջ տրամադրությունների, փիլիսոփայությունների, գաղափարների որոշակի անկում կար, Նահապետյանը ստեղծեց զվարթ, քաղաքային գրականություն»,-նշեց նա:
Նիկողոսյանը հույս հայտնեց, որ գիրքը հիանալի առիթ կլինի, որ Ռաֆայել Նահապետյանի պես տաղանդավոր գրողի գործերը կրկին վերաշրջանառվեն գրականության մեջ:
Արձակագիր Գուրգեն Խանջյանը Նահապետյանի հետ մտերիմ է եղել, հիշում է, որ նրա հետ ծանոթությունից հետո պարզել է, որ նա բոհեմական ռոմանտիզմի վերջին, բայց ամենացայտուն ներկայացուցիչն է: «Նրա ապրելու ձևն ինքնին արվեստ էր: Նույնիսկ 90-ականների ծանր տարիներին նա ավելի խորքային էր տեսնում ամեն ինչ։ Եվ ինչպես ապրել է, այնպես էլ գրել է»,-նշեց Խանջյանը:
Բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը մեծապես կարևորեց, որ գիրքն ընդգրկված է «Պարտադիր ընթերցանության» մատենաշարում: «Շատ ճիշտ է, իսկապես Ռաֆայել Նահապետյանի արձակ էջերը պետք է պարտադիր ընթերցանություն ունենան: Կարող եմ ասել, որ նա նման չէ որևէ մեկին, ողջ ստեղծագործությունը կարծես նրա բնույթի բացահայտումն է, նա չի կեղծում, չի խաբում»,-ասաց Մկրտչյանն ու հավելեց, որ Նահապետյանի ստեղծագործությունները մեկը մյուսից տարբերվում են:
«Ուշադրություն, սկսվում է» ժողովածուն ներառում է 14 պատմվածք և մեկ վիպակ: