Գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 9-ին
Հունիսի 6-ին կյանքից հեռացած գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Մարտիրոսի Ադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. հունիսի 9-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունիսի 10-ին, ժամը 12:00-13:30, Հայաստանի նկարիչների միությունից։ Ադալյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռուբեն Ադալյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Ռուբեն Ադալյանը ծնվել է 1929 թվականին, Սիմֆերոպոլում։
1935 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։
1944-1950 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։
1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1960 թվականից ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ է։
1967 թվականին «Հիրոսիմա» նկարի համար արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության մրցանակին, իսկ 1971 թվականին «Գնդակահարություն» նկարի համար արժանացել է «Տարվա լավագույն նկար» մրցանակին։
1972 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։
2001 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի։
Ռուբեն Ադալյանը 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարասկզբի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկն է, ազգային մոդեռնի հիմնադիրներից, ում ստեղծագործություններում առկա են դասական, արևմտյան և սինթետիկ արվեստների արտացոլումները, իրականի և երևակայականի համարձակ կերպափոխումը, դրամատիզմն ու դինամիկ լարվածությունը, բնության և մարդու ներքին հատկանիշների այլակերպումները: