Գեղարքունիքի մարզում սկսվել է համապետական շաբաթօրյակը
Հունիսի 8-ի առավոտվա 3.30-ից Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչությունից, շաբաթօրյակին ներգրավված են շուրջ 520 կազմակերպություն , 12 հազար 238 մարդ, 254 միավոր տեխնիկա , 5500 գործիք եւ այլ պարագաներ: Համապետական շաբաթօրյակին մասնակցում են մարզի տարածքում գործող բոլոր պետական ու մասնավոր հիմնարկները, հասարակական կազմակերպությունները եւ անհատ քաղաքացիները: «Մաքրվում են բնակավայրերի փողոցներն ու բակերը, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, հանգստյան գոտիները, տեսարժան վայրերը, անտառամերձ տարածքները: Մաքրված աղբը բեռնվում ու տեղափոխվում է գործող 29 աղբավայրեր: Ի տարբերություն նախորդ շաբաթօրյակների՝ այս անգամ արդեն ապօրինի գործող ու փակման ենթակա աղբավայրեր չունենք, քանի որ այդ խնդիրը կարողացել ենք լուծել հետեւողական աշխատանքի շնորհիվ»,-տեղեկացրին ՏԻ և ՀԳՄՀ վարչությունից:
Համայնքներում համապետական շաբաթօրյակին մասնակցում և աշխատանքների ընթացքը վերահսկում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ:
Խոսրով Խլղաթյան