Սոցիալական ապահովության ծառայությունը հայտարարում է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի վերսկսման մասին
Սոցիալական ապահովության ծառայությունը հայտարարում է, որ ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 23-ի նիստում հաստատվեց աշխատանքային գրքույկների (այսուհետ՝ գրքույկ) թվայնացման աշխատանքների ժամկետը մինչև 31.12.2019թ. երկարաձգելու մասին որոշումը:
Ինչպես հայտնեցին Սոցիալական ապահովության ծառայությունից, հիմք ընդունելով վերոգրյալը՝ Ծառայությունը դիմում է բոլոր գործատուներին և ֆիզիկական անձանց, որոնց գրքույկները դեռևս թվայնացված չեն.
Ծառայության տարածքային բաժինները ս.թ. հունիսի 4-ից վերսկսում են գրքույկների ընդունումը՝ թվայնացման աշխատանքները կազմակերպելու նպատակով:
Ծառայության տարածքային բաժինների պատասխանատուների տվյալները տեղադրված են Ծառայության պաշտոնական կայքում (հղումը՝ այստեղ.):
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գործատուները, որոնք ունեն մասնաճյուղեր կամ առանձնացված ստորաբաժանումներ, գրքույկները ներկայացնում են ելնելով անձնակազմի գործի վարման սկզբունքից (կենտրոնացված կամ ըստ ներկայացուցչությունների (մասնաճյուղերի):
Խնդրում ենք նկատի առնել, որ մինչև 01.01.2019թ. թվայնացված գրքույկներում անձանց ընդունման կամ ազատման մասին կատարված գրառումները կրկին թվայնացնելու համար հիմք չեն հանդիսանում և զերծ մնալ ավելորդ ծավալի աշխատանք կատարելուց:
Ֆիզիկական անձի գրքույկը, ֆիզիկական անձի կողմից ներկայացնելու անհնարինության դեպքում կարող է ներկայացվել այլ անձի կողմից՝ տվյալի սուբյեկտի կողմից տրված պարզ լիազորագրի առկայության դեպքում:
2019 թվականի ընթացքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերող և կենսաթոշակառու հանդիսացող անձանց (այդ թվում՝ աշխատող) գրքույկները թվայնացման չեն ներկայացվում:
Գրքույկները ներկայացնելու համար սահմանված ժամկետի վերջում ավելորդ կուտակումներից խուսափելու նպատակով Ծառայությունը հորդորում է գործատուներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել Ծառայության տարածքային բաժիններ:
Գրքույկները սահմանված կարգով թվայնացման ներկայացնելու նպատակով Ծառայությունն իր տարածքային բաժինների հետ միասին պատրաստակամություն է հայտնում պարզաբանելու բոլոր գործատուներին և ֆիզիկական անձանց հուզող հարցերը: