Հրավառությունները՝ ՀՀ կառավարության օրակարգում
ՀՀ կառավարությունը մտադիր է կարգավորել բավականին լայն տարածում գտած` գիշերային ժամերին հրավառությունների կազմակերպումը: Այդ նպատակով կառավարության օգոստոսի 9-ի նիստի օրակարգում ընդգրկվել է «Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու թույլատրելի բացառությունները սահմանելու մասին» որոշման նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:
Նախագծով ՀՀ ոստիկանությունն առաջարկում է հիշյալ արտադրատեսակների օգտագործմամբ հրավառություն կազմակերպելու իրավունք վերապահել ՀՀ պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 23:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01:00-ը: Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը 23:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01:00-ը, հրավառություն կկարողանան կազմակերպել նաև քաղաքացիները:
Հեղինակների հիմնավորմամբ, որոշման նախագիծը նախապատրաստվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի (Լռությունը խախտելը) կիրարկումն ապահովելու նպատակով:
Համաձայն վերոհիշյալ հոդվածի՝ մասնավորապես, գիշերային ժամանակ (ժամը 23:00-ից մինչև 7:00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100 հազար դրամի, չափով:
Արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 200 հազար դրամի չափով: