Լիբիայում զինված հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 600-ը
600-ից ավելի մարդ է զոհվել, եւս ավելի քան 3,2 հազար հոգի վերքեր ստացել Լիբիայի Տրիպոլի քաղաքի շուրջ շարունակվող հակամարտության հետեւանքով: Այդ մասին ասված է երկրում Առողջապահությա համաշխարհային կազմակերպության ստորաբաժանման հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր 562 զոհվածների եւ 2855 վիրավորների մասին:
«Ընդամենը Տրիպոլիում ճգնաժամի հետեւանքով այս պահի դրությամբ զոհվել է 607 մարդ, ներառյալ 40 խաղաղ բնակիչ, եւ վիրավորվել 3261 մարդ, ներառյալ 117 խաղաղ բնակիչ»,-նշվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակված է կազմակերպության Twitter-ում:
Լիբիայի ազգային բանակի հրամանատար մարշալ Խալիֆ Հաֆթարն ապրիլի 4-ին հրամայել է իր ուժերին՝ հարձակում սկսել Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատելու» համար:
Տրիպոլիի կառավարությանը լոյալ զինված կազմավորումները հայտարարել են «Ցասման հրաբուխ» պատասխան գործողությունն սկսելու մասին: 2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից ու սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարեց գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում տիրում է երկիշխանություն:
Արեւելքում նիստեր է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, իշխում են ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ ստեղծված ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ:
Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են Լիբիայի ազգային բանակի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: