Վիեննայում տեղի ունեցավ Ավստրիայի կանցլեր Բրիգիտե Բիրլյայնի ու նրա կառավարության երդմնատվության արարողությունը
Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենի ներկայությամբ տեղի է ունեցել հանրապետության նոր կանցլեր Բրիգիտե Բիրլյայնի եւ մինչեւ Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ ընտրություններն աշխատելու ժամանակով նրա անցումային կառավարության նախարարների երդմնատվության արարողությունը: Հանրապետության նախարարների կաբինետի նոր անդամների հայտարարման ու նշանակման արարողությունը կայացել է հունիսի 3-ին Վիեննայի Հոֆբուրգի պալատի նախագահական դիվանատանը։
Ավստրիայի անցումային կառավարությունում տեղի է ունեցել դաշնային մի քանի նախարարությունների, դաշնային կանցլերի գերատեսչությունում նախարարների պաշտոնների միաձուլում եւ հանրապետության ֆինանսների ու ներքին գործերի նախարարություններին առընթեր պետքարտուղարների պաշտոնների լուծարում:
Ընդամենը նախարարների կաբինետում կաշխատի կառավարության 12 անդամ. վեց պաշտոն զբաղեցրել են տղամարդիկ, վեց պաշտոն՝ կանայք: 69-ամյա Բրիգիտե Բիրլյայնն Ավստրիայի պատմության մեջ առաջին կինն է դարձել դաշնային կանցլերի պաշտոնում: Մինչեւ այդ նշանակումը նա զբաղեցնում էր Ավստրիայի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը: Կրթությամբ իրավաբան Բիրլյայնը ծնվել է Վիեննայում 1949 թվականի հունիսի 25-ին, բարձրագույն կրթություն է ստացել Վիեննայի համալսարանում:
1990-2003 թվականներին ծառայել է Ավստրիայի Գերագույն դատարանին առընթեր գլխավոր դատախազությունում: 2018-2019 թվականներին զբաղեցրել է Ավստրիայի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը: Անցումային կառավարության խնդիրն Ավստրիայում իշխանության գործադիր թեւի աշխատանքի ապահովումն է մինչեւ այս տարվա աշնանը կայանալիք վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները:
Ավստրիայի կառավարությունում փոխատեղումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մայիսի 27-ին Ազգային խորհուրդը անվստահության քվե հայտնեց Սեբաստիան Կուրցի նախարարների կաբինետին՝ նախկին փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի աղբկահարույց պաշտոնաթողության ֆոնին ծավալված կառավարական ճգնաժամի կապակցությամբ:
Մայիսի 28-ին Ավստրիայի նախագահը պաշտոնաթող արեց Կուրցի գլխավորած կառավարությունը եւ նրա նախարարներին հանձնարարեց ժամանակավորապես կատարել պարտականությունները մինչեւ նոր կանցլերի նշանակումը եւ անցումային կառավարության ձեւավորումը: Ավստրիայի ժողովրդական կուսակցության եւ Ավստրիայի ազատության կուսակցության կոալիցիոն կառավարության փլուզման պատճառով հանրապետությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների է պատրաստվում 2019 թվականի սեպտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: