«Մինչև նոր իշխանությունները նախկինում եղած տրամաբանությունը չկոտրեն, հստակ չխոսեն Մադրիդյան սկզբունքների դեմ՝ ոչինչ չի փոխվի». Մարիամ Ավագյան

Մայիսի 27-30-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքներն ամփոփել են համատեղ հայտարարությամբ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի ուղեկցությամբ մայիսի 27-ին Երևանում  համանախագահները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև մայիսի 30-ին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու մայրաքաղաքներում համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։ Իսկ մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի  փաստացի  իշխանությունների հետ, այնուհետև Բաքվում` Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ։

«Լեռնային Ղարաբաղում համանախագահներին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից ներկայացվել է հումանիտար հարցերի շուրջ զեկույց»,- նշված է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարությանը՝ այցի հիմնական նպատակն էր՝ գնահատել իրավիճակի զարգացումը շփման գծում և միջպետական սահմանին և հետևել Վիեննայում մարտի 29-ին՝ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, ինչպես նաև ապրիլի 15-ին Մոսկվայում՝ արտգործնախարարների քննարկումներին հաջորդած զարգացումներին: «Համանախագահները ներկայացրել են առաջարկներ՝ խաղաղության գործընթացում հետագա որոշակի քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, այդ թվում՝ մարդասիրական և անվտանգության միջոցառումներ: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ընդունել են համանախագահների առաջարկը՝ շուտով հանդիպել նրանց հովանու ներքո, և այդ մասին մանրամասները կհայտարարվի:

Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել վերջին կորուստների կապակցությամբ և կողմերին կոչ են արել առավելագույն կերպով զսպվածություն ցուցաբերել սրացումից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը՝ անդրադառնալով «ԼՂ ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ Մինսկի խմբի հանդիպմանը, նկատեց՝ այն, որ Մինսկի խումբը հանդիպում է Ադրբեջանից տեղափոխվածների հետ և նրանց անունը դնում ներքին տեղահանվածներ կամ փախստականներ՝ նոր բան չէ։

Նրա խոսքով՝ 1991 թվականին նոր կազմավորված ՀՀ իշխանությունները գնացին «այնպիսի դավադիր քայլի», որի արդյունքում հրաժարվեցին հայ փախստականների գոյության հարցից, որով հրաժարվեց նաև այն փաստից, որ 1987-1992 թվականներին տեղի են ունեցել ցեղասպանություն հայության հանդեպ այն տարածքներում, որոնք կամայականորեն տրվել էին Ադրբեջանին։

«Այս տրամաբանությունը շարունակվեց նաև երկրորդ նախագահի ժամանակ, որն ավելի շատ դավադիր քայլ արեց։ Եթե Առաջին նախագահի ժամանակ գոնե ազատագրված տարածքները փախստականներով վերաբնակեցվում էին, ապա 2003 թվականից մեջ բերվեց Միջազգային Ճգնաժամային խմբի ռեկոմենդացիաները, որոնք տպագրվեցին շատ ավելի ուշ՝ 2007 թվականին։

2003 թվականին ՀՀ  երկրորդ նախագահը «թևերը քշտած» հանձն առավ իրողություն դարձնել Միջազգային Ճգնաժամային խմբի ռեկոմենդացիաները, որտեղ գրված է ռասիստական մի հստակ ձևակերպում, այն է` այդ տարածքներում հայեր չպետք է ապրեն, որ այնտեղ պետք է դադարեցնել հայերի համար ենթակառուցվածքների ձևավորումը, կասեցնել հայերի համար հողերի սեփականաշնորհումը, և այլն։ Իսկ մյուս կողմից` Միջազգային Ճգնաժամային խումբը տալիս է ռեկոմենդացիա՝ հանդիպել ադրբեջանցի փախստականների հետ:

Այս ամենը մտավ շատ ակտիվ փուլ, որից հետո Մինսկի խումբը տարածաշրջան կատարած այցերի ընթացքում անպայման հանդիպում է, այսպես կոչված, ադրբեջանցի փաստականների հետ»,- ասաց Մարիամ Ավագյանը։

Նրա դիտարկմամբ՝ Մինսկի խումբը «ԼՂ ադրբեջանական համայնքի» հետ կշարունակի հանդիպել, իսկ Ադրբեջանից ցեղասպանության արդյունքում բռնի տեղահանված հայ փախստականների հետ չի հանդիպի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ արտաքին քաղաքականությունը, նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո, իր ուսերից չի թոթափել արտաքին կառավարումը: Նրա պնդմամբ՝ ՀՀ նախկին երեք նախագահների օրոք էլ Հայաստանը գտնվել է բացառապես արտաքին կառավարման ներքո։ Ավելին՝ մինչ օրս ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չունի արտաքին քաղաքականության ռազմավարություն, պետական հայեցակարգ։

«Մեր Արտգործնախարարությունում հարցը միշտ բարձրացրել ենք, որ չունեն արտաքին քաղաքական ռազմավարություն, որի արդյունքում Մադրիդյան սկզբունքներ կոչվող հայատյաց, ցեղասպանություն հրահրող փաթեթը մինչ օրս գործում է։ Մեկ տարի է՝ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, որին մենք երկար ենք սպասել, որը երկիրը փրկել է փոսը գլորվելուց, սակայն արտաքին քաղաքական դաշտում մենք չնչին փոփոխություններ ենք տեսել։ Նախորդ իշխանությունների ժամանակ, երբ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը խոսում էր «Մադրիդյան սկզբունքների» մասին, որոշ հայ փորձագետներ, որոնք այսօր էլ տարօրինակ կերպով շարունակում են մնալ բավականին բարձր դիրքերում, մեզ անընդհատ ասում էին, որ Մինսկի խմբի դեմ չխոսենք։ Բայց ինչպե՞ս նրանց դեմ չխոսենք, երբ առնվազն 2010 թվականից նրանց ուղարկել ենք բազում նամակներ՝ նշելով, որ ասիմետրիկ են իրենց պահում, հավասարության նշան են դնում զոհի և դահիճի միջև»,- հավելեց Մարիամ Ավագյանը։

Նրա բնորոշմամբ՝ նախկինում եղած տրամաբանությունը նոր իշխանությունները մինչև չկոտրեն, հստակ չխոսեն «Մադրիդյան սկզբունքների» դեմ, ապա ոչինչ չի փոխվի, և այդ գործում մեծ անելիքներ ունի ՀՀ արտաքին գերատեսչությունը։

Նա նաև ընդգծեց, որ բազում դռներ են բախել՝ Կառավարութուն, Ազգային ժողով, ինչը ծանր է եղել, ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ։

«Երբեմն Ազգային ժողովում, երբ փորձում ենք Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ ներկայացնել մեր մոտեցումները, տպավորությունն այնպիսին է, որ Բաբլոյանը դեռևս այնտեղ շրջում է։ Նորընտիր Ազգային ժողովի հոգեբանության մեջ որևէ փոփոխություն չենք տեսնում, նրանք պատրաստ չեն լսել, քննարկել, բայց մենք համառ ենք և ամեն ինչ նորից ենք փորձելու»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև դժգոհեց լրատվամիջոցներից, որոնք իրենց կողմից կազմակերպված շատ կարևոր միջոցառումներ` ռազմավարական բնույթի, հաճախ չեն լուսաբանում, մինչդեռ Ադրբեջանում Խոջալուի հորինված դեպքերի հետ կապված միջոցառումները լուսաբանվում և տարածվում են։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս