Թրամփի այցը Մեծ Բրիտանիա ԱՄՆ-ի հետ գործընկերությունն ամրապնդելու հնարավորություն է. Մեյ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունիսի 3-ին Մեծ Բրիտանիա սկսվող պետական այցը համարում է երկու երկրների միջեւ գործընկերությունն ամրապնդելու հնարավորություն: Այդ մասին ասված է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը տարածել է նրա դիվանատունը:
«Սա կարեւոր շաբաթ է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի առանձնահատուկ հարաբերությունների համար, որը մեր սերտ գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու հնարավորություն է բացում»,- ասել է Մեյը:
«Իրականացվող ռազմական գործողությունների, հետախուզական տվյալների չգերազանցված փոխանակման եւ ՆԱՏՕ-ին հավատարմության շնորհիվ մեր երկրների գլոբալ առաջատրությունը մնում է միջազգային խաղաղության եւ կայունության հիմքում: Ահա թե ինչու եմ ես անհամբերությամբ սպասում այն պահին, երբ Մեծ Բրիտանիայում կողջունեմ նախագահ Թրամփին, ինչպես նաեւ մեր երկրների միջեւ կապերն ավելի ուժեղ ու ամուր դարձնելու հնարավորությանը»,- հավելել է Մեյը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 3-ին առաջին պետական այցով ժամանում է Մեծ Բրիտանիա: Նա առաջին տիկին Մելանյայի հետ այցը կատարում Է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հրավերով: Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, նրանց համար հանդիսավոր արարողություն կկազմակերպվի Բուքհինգեմյան պալատում, որտեղ նրանք կկարողանան հանդիպել Մեծ Բրիտանիայի միապետի եւ թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ:
Հունիսի 4-ին Թրամփը երկկողմ բանակցություններ կվարի Միացյալ Թագավորության վարչապետի հետ, ինչպես նաեւ հանդիպում կունենա երկու երկրների գործարար շրջանների ներկայացուցիչների հետ: Մեյի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի ղեկավարը պլանավորում է արծարծել ազատ առեւտրի շուրջ գործարքի թեման, որը երկու երկրները կարող են կնքել Brexit-ից հետո մի քանի ամսվա ընթացքում՝ նպատակ ունենալով օգնել Լոնդոնին՝ փոխհատուցելու այն կորուստները, որոնք նա կկրի ԵՄ-ի հետ առեւտրական հարաբերություններում փոփոխությունների հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: