Բաժիններ՝

Մարությանը «բորշեր» է եփել

Այս պահին լարված իրավիճակ է Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 76 հասցեում, գործարարը ծածուկ պայմաններում Երևանի քաղաքապետարանից ստացած շինթույլտվությունով այսօր լուսաբացին մեծ տեխնիկայով մտել է շենքերի բակ և փորձում է տարհանել 6 բնակելի շենքեր սնող ջրերի պոմպակայանը, որպեսզի տվյալ տարածքում գարեջրատուն կառուցի:

168.am-ին ահազանգած մի խումբ բնակիչներ տեղեկացրին, որ այս պահին 6 շենքերի բնակիչները բակում ամեն կերպ խոչընդոտում են, որպեսզի թույլ չտան գործարարին ապամոնտաժման աշխատանքներ իրականացնել: Ոստիկանական խումբ է ժամանել դեպքի վայր:

Բնակիչների խոսքով՝ ոստիկաններին հրավիրել է գործարարը՝ Վահան Բեգոյանը, որպեսզի պոմպակայանները տարհանելու գործընթացին բնակիչները չմիջամտեն: Ավելին, ասում են մի խումբ օտար մարդիկ դեպքի վայրում են, անհարկի միջամտում են, որպեսզի լարվածություն ստեղծեն՝ շեղելու բնակիչների ուշադրությունը, որպեսզի գործարարը զուգահեռաբար ապամոնտաժման աշխատանքները սկսի իրականացնել: Խնդիրն այն է, որ ջրամատակարարման պոմպակայանը սեփականաշնորհվել է քաղաքացու մասնավոր նպատակի համար ապօրինի հիմքով:

Բնակիչներին պետական բոլոր կառույցներում նույն եզրակացությունն են տվել՝ համայնքային սեփականություն համարվող ջրամատակարարման պոմպակայանը որևէ օրենքով չէր կարելի տալ քաղաքացու, հետևապես ժամանակին Երևանի քաղաքապետն ընդունել է անօրինական որոշում:

Ստացվում է՝ պետական բոլոր կառույցները, իրավաբան փորձագետները գտնում են, որ ջրամատակարարման պոմպակայանի օտարումն ուղղակի հանցագործություն է, մինչդեռ Երևանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը շինթույլտվության հրաման է արձակել՝ ոչ թե վերացնելու անօրինականությունը, այլև պոպմակայանը տարհանելու համար մի նոր տարածք է տրամադրել, և սա, ըստ բնակիչների, արվել է՝ ստորադասելով անվտանգության նորմերը, համայնքի շահը և 300-ից ավելի բնակիչների ցանկությունը, միայն թե բավարարվի գործարար Բեգոյանի մասնավոր շահը :

Մինչ այդ՝ Աթոյան անցուղի 11, 12, 14, 16, 18 շենքերի բնակիչները դիմել են վարչապետին, մի շարք վարչական և իրավական կառույցների, զուգահեռաբար դատական գործընթաց են սկսել, որպեսզի կանխեն գործարարի կառուցապատման աշխատանքը, բայց մինչ օրս հստակ գործողություններ չեն արվել:

Պարզվում է՝ հունիսի 3-ը գործարարի շինթույլտվության վերջնաժակմետ է սահմանված, և մինչ այս պահը բոլոր փորձերը ձախողելուց հետո նա հարկադրված որոշել է այսօր լուսաբացին ոսստիկանների ուղեկցությամբ մտնել բակ, և արագ ապամոնտաժման աշխատաքններն սկսել, քանի դեռ բնակիչները քնած կլինեն:

Սակայն այսօր էլ բնակիչներն ընդվզեցին, դեպքերի զարգացումը կանխելու համար խմբվել են և ակցիա են իրականացնում շենքի բակում:

168.am-ը հետևում է զարգացումներին և պարբերաբար կտեղեկացնի իրադարձությունների մասին:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս