Բաժիններ՝

Լեոնիդ Ազգալդյանին ՀՀ  հերոսի կոչում շնորհելու ստորագրահավաքին Կառավարությունը դեռ չի արձագանքել

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին», «Պարենք Հայերեն» նախաձեռնությունների և «Խարույկ» արշավական ակումբի նախաձեռնությամբ  մարտից մեկնարկել էր ստորագրահավաք, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում էին` դիմել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին` Արցախյան ազատամարտի մասնակից, գիտնական, «Ազատագրական բանակ» ռազմական միավորի հիմնադիր-հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհելու համար։

168.am-ի հետ զրույցում «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը նշեց, որ ստորագրահավաքը դեռևս ապրիլին ավարտել են և 10 հազար ստորագրությամբ դիմումն արդեն ներկայացրել են կառավարությանը։

«Դիմումը ՀՀ կառավարությանն ենք ներկայացրել ապրիլի վերջին, արդեն մեկ ամիս անցել է, սակայն որևէ արձագանք չկա։ Նշեմ, որ 10 հազար ստորագրության ցանկում եղել է նաև 91 պատգամավորի ստորագրություն»,- ասաց Գ. Օհանյանը։

Ըստ նրա, Կառավարությունից սպասում են դրական պատասխանի, չնայած պատասխանի ուշացումից արդեն զայրացել են։

Նշենք, որ մայիսի 24-ին Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Կառավարությանը ներկայացրած դիմումի ստացականը և գրել. «Մայիսի 9-ը անցավ, ձեն չհանեցինք, հես ա մայիսի 28-ն էլ կանցնի, բայց Ազգալդյանի հարցով կառավարությունը դեռ լռում է։ Արդեն մեկ ամիս է ստացականը մոտս է, ձեզ ենք հանձնել պահանջ 10.000 քաղաքացիների 91 պատգամավորների ստորագրությամբ։

Խնդիրը քաղաքական չի, տնտեսական չի, քաոս առաջացնող չի, պատվաբեր է, կարևոր է, արա ում եք սպասում, զզվահան եղանք, ի՞նչ անենք, դուրս գանք փողոց ցո՞ւյց անենք։ Գիտեք, որ կարող ենք, ու դա էլ կանենք, բայց ամոթը էլ չեք մաքրի, մի հասցրեք դրան։ Մի ամիս ձեն չհանեցինք, սպասեցինք, հերիք եղավ էլի…

Հ.Գ. Էս էլ ստացականը, արդեն ով ուզում ա, թող մտնի նայի, էլ ներվեր էլ չկա։ Քիչ էլ համը հելավ, հազարներով զանգելու ենք նույն հարցը ուղղենք աշխատակիցներին։ Խելամիտ ժամկետները ավարտվեցին…»։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս