Բաժիններ՝

«Ժամանակն է շրջափակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրը». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ԱԺ-ն հերթական անգամ մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրած ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանին։ Քիչ առաջ ուսումնասիրեցի Արթուր Վաղարշյանի մասնագիտական կենսագրությանը․ իրավաբանական գիտությունների դոկտոր,իրավունքի տեսության գիտական աշխատությունների հեղինակ և ամենակարևորը՝ չի անդամակցել որևէ կուսակցության և հայտնի չէ որևէ քաղաքական ուժի նկատմամբ իր համակրանքով կամ հակակրանքով։ Հնարավո՞ր է, արդյոք Հայաստանում գտնել ՍԴ անդամի թեկնածու՝ քաղաքականապես չեզոք, մասնագետ իրավաբաններ։ Հավանաբար՝ այո, բայց մեծ դժվարությամբ։ ԱԺ-ում ծավալված քննարկումներն ու թեկնածուին տրված հարցերն ինձ ավելի շատ «հիշեցրին» միջնադարյան հավատաքննություն, քան շահագրգիռ քննարկում։ Իհարկե, արդեն պարզ էր, որ կա քաղաքական որոշում՝ չհաստատել Ա․ Վաղարշյանի թեկնածությունը։ Բայց «Իմ քայլը» պատգամավորների հարցերը ոչ թե իրավական, այլ խիստ նեղ, սեփական կուսակցական շահերից ելնող հարցեր էին․ «Ի՞նչ կարծիք ունեք դատարանների շրջափակման մասին»։ Եվ, թերևս լավ եղավ, որ Ա․ Վաղարշյանը չընտրվեց։ Նա ցանկանում էր մնալ և որպես իրավաբան, և հաճոյանալ պատգամավորներին, որի պատճառով էլ պատասխանները հեղհեղուկ էին, ոչ հստակ։ Պարոն Վաղարշյանը պետք է զգար, որ միևնույնն է չէր ընտրվելու և գուցե, կամ հրաժարվեր առաջադրվելուց, կամ արժանապատվորեն ասեր այն՝ ինչ մտածում էր որպես մասնագետ-իրավաբան։

Հ․Գ․ Կարծում եմ ժամանակն է շրջափակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրը, նրանից պահանջելով որպես հաջորդ ՍԴ անդամի թեկնածու առաջարկել․․․ժողովրդի թեկնածուին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս