Վլադիմիր Գասպարյանը` Սերժ Սարգսյանի շտաբի պե՞տ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, Ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է համակարգող խումբ: Այդ մասին այսօր հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը, ըստ որի` խմբի ղեկավարն է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, տեղակալը` Ոստիկանության շտաբի պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ուշագրավ է համակարգող խմբի գործառույթների նկարագրությունը: «Ոստիկանության պետի հրամանով հաստատված ծրագրով` ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և բուն ընտրությունների ընթացքում համակարգող խումբը կազմակերպելու է տեղերից տեղեկատվության անխափան ստացումը, մշակումն ու ամփոփումը, տպագրված անձնագրերի, նաև` կորցրած անձնագրի փոխարեն անձը ժամանակավորապես հավաստող փաստաթղթի հանձնումը քաղաքացիներին, ինչպես և քվեատուփերի տեղափոխման զինված ուղեկցումն ու անվտանգությունը: Ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Ոստիկանության մարզային վարչություններին անհրաժեշտության դեպքում կհատկացվեն օժանդակ ուժեր, միջոցներ են ձեռնարկվում ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ ոստիկանության և Ոստիկանության տարածքային մարմինների միջև կապի միջոցների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Համաձայն հրամանի` ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում մինչև օգոստոսի 25-ը կստեղծվեն օպերատիվ շտաբներ, կմշակվեն անհրաժեշտ միջոցառումների պլանները, իսկ ընտրական տեղամասերում ծառայություն կատարող վերակարգերը կապահովվեն ծառայողական գրքույկներով, որտեղ կգրանցվեն հասարակական կարգի ու անվտանգության խախտման վերաբերյալ բոլոր ահազանգերը, որոնց ընթացք կտրվի սահմանված կարգով` արդյունքների մասին իրազեկելով համակարգող խմբին: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նույն հրամանով` ընտրությունների ընթացքում ԶԼՄ-ների հետ աշխատանքը պետք է իրականացվի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների համար զանգվածային լրատվության միջոցների հետ շփվելու» ուղեցույցի պահանջներին համապատասխան»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: Համակարգող խմբի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 9-ին:
Այսպիսով, Ոստիկանությունն, ըստ էության, իր վրա է վերցնում ընտրությունների «օրինականության ապահովման գործառույթը»: Իհարկե, օրենքով, Ոստիկանությունը մինչ այժմ էլ բոլոր ընտրությունների անցկացման ընթացքում հասարակական կարգի ապահովման պարտավորություն ունի: Սակայն, Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Ոստիկանությունը դե ֆակտո ստանձնում է նաև ընտրական գործընթացի օրինականության ապահովման «բովանդակային» գործառույթ: Ավելի պարզ ասած, Ոստիկանությունը լայն իմաստով իր վրա է վերցնում ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը: Ընդ որում, ակնհայտ է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններն ընդամենը դա պաշտոնապես ազդարարելու առիթ են, և գործընթացն իրականում ուղղված է 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին:
Ընտրությունների կազմակերպման, անցկացման պարտավորությունը մինչ այժմ դրված էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա: Սակայն, մեծ հաշվով, դա ավելի շատ «ընթացակարգային» պարտավորություն է, և ԿԸՀ-ն, ըստ էության, քաղաքական պատասխանատվություն չի կրում ընտրությունների «որակի» համար: Հիմա, փաստորեն, այդ գործառույթը դրվում է Ոստիկանության վրա, ինչի մասին, ի դեպ, վերջին տարիներին գրեթե միշտ հայտարարել են ընդդիմադիր ուժերը` Ոստիկանության կողմից ընտրությունների օրինականության համար պատասխանատվություն կրելու դրույթը ներկայացնելով՝ որպես պահանջ: Այդ պահանջը սովորաբար հնչում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների համատեքստում և ներկայացվում է՝ որպես ընտրությունների անցկացման համար պետության կողմից պատասխանատվություն կրելու երաշխիք: Հիմա, փաստորեն, նախագահ Սերժ Սարգսյանն, ըստ էության, կատարում է այդ պահանջը, ավելի ճիշտ` իշխանական քարոզչությունը կներկայացնի, որ կատարում է այդ պահանջը: Ընդդիմադիրներն, իհարկե, կասեն, որ իրենք պահանջում էին դա ամրագրել Ընտրական օրենսգրքով և ոչ թե՝ Ոստիկանապետի հրամանով, սակայն քարոզչության մեջ այդ «դետալը» կարող է երկրորդական դառնալ: Հատկապես միջազգային հանրությանը իշխանությունն այսպիսով կարող է ներկայանալ՝ որպես ավելի ժողովրդավար, մյուս կողմից՝ դա ներկայացնելով որպես ընդդիմությանն ընդառաջ գնալու պատրաստակամություն:
Ակնհայտ է, սակայն, որ այս քայլն իր մեջ նաև այլ նպատակներ ունի: Նման ձևաչափով Ոստիկանության ներգրավումն ընտրություններում նշանակում է, որ այսուհետ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները` վստահված անձանցից մինչև թաղային հեղինակություններ, ուղղակիորեն առնչվելու են Ոստիկանության հետ: Նախկինում Ոստիկանությունն «ընտրական միջադեպերին» խառնվում էր միայն համապատասխան դիմումների, բողոքների հիման վրա, որոնք ներկայացվում էին՝ ըստ «նպատակահարմարության»: Հիմա, երբ Ոստիկանությունը համակարգելու է նաև «տեղերից տեղեկատվության անխափան ստացումը, մշակումն ու ամփոփումը, տպագրված անձնագրերի, նաև` կորցրած անձնագրի փոխարեն անձը ժամանակավորապես հավաստող փաստաթղթի հանձնումը քաղաքացիներին…», ըստ էության, վերահսկելու է ընտրական գործընթացի բոլոր փուլերը, ու ոստիկանները դե ֆակտո դառնալու են տեղամասերում որոշում կայացնողներ: Հաշվի առնելով, որ անցած 20 տարիների ընթացքում Ոստիկանությունը, նույնիսկ իր պակաս լիազորություններով, միշտ սպասարկել է իշխանության թեկնածուներին, դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել այս դեպքում: Այսինքն`լայն իմաստով, այս պայմաններում Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կատարելու է Սերժ Սարգսյանի շտաբի պետի գործառույթներ:
Ոստիկանապետի այս հրամանն ուղղված է նաև ներիշխանական հարաբերություններում ներկայումս կիսահակամարտ կողմ համարվող «Բարգավաճ Հայաստանին»: Վերջինս, ինչպես հայտնի է, ՀՀԿ-ից գրեթե հետ չի մնում ընտրություններում քրեական տարրերին օգտագործելու, ընտրակաշառք բաժանելու հարցերում: Ոստիկանապետի հրամանն, այս առումով, նշանակում է, որ այսուհետ «այդ գործիքներից օգտվելու մենաշնորհը» պատկանում է ՀՀԿ-ին, և ԲՀԿ-ի «ակտիվիստները» գտնվելու են աչալուրջ վերահսկողության ներքո: Ի դեպ, թերևս պատահական չէ, որ Ոստիկանապետի հրամանի մասին պատմող տեղեկատվության հետ՝ գրեթե նույն ժամին, տեղեկություն տարածվեց այն մասին, որ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արմեն Մաթևոսյանի դեմ գործով մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու համար։ Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Ըստ մեղադրանքի` Արմեն Մաթևոսյանն ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2012 թվականի ապրիլի վերջերին և մայիսի 5-ին անձամբ կաշառք է տվել Երևանի չորս բնակիչների ու հարկադրել, որպեսզի վերջիններս և նրանց ընտանիքի անդամները 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին։ Նկարագրված արարքի համար Արմեն Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ պրիմ 2 հոդվածի՝ «ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը», 2-րդ մասով։ Հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` երեք-հինգ տարի ժամկետով: Իսկ եթե հիշենք նաև Ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո Վլադիմիր Գասպարյանի արած առաջին հայտարարություններից մեկը` «Աբովյանը Հայաստանի կազմի մեջ մտցնելու» մասին, պատկերն ամբողջական կդառնա:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս