«Մեկ տարի շարունակ հրահրվող «էմոցիաների աճուրդը» այլևս հատեց կարմիր գիծը». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը

Երեկ Ազատության հրապարակում սպառնացել են «քարերով ցխել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»: Նույն հրապարակում դանակահարել են PARA TV-ի օպերատորին: Միանգամայն օրինաչափ արդյունք` երկրում հետևողականորեն դեստրուկտիվ մթնոլորտ ստեղծելու, արցախցի-հայաստանցի «վեթթինգ» անելու, հասարակությանն անընդհատ լարվածության և սթրեսի մեջ պահելու, հանրության ներքին պառակտումը կատաղի կերպով խորացնելու:

Ինձ չի հետաքրքրում, թե ի պաշտպանություն ում էր Ազատության հրապարակում հավաքված մի քանի հոգանոց ամբոխը «գլուխ ցխելու» կոչեր անում և ով կամ ովքեր են կանգնած այդ նողկալի տեսարանի հետևում: Փաստն այն է, որ մեկ տարի շարունակ հրահրվող «էմոցիաների աճուրդը» այլևս հատեց կարմիր գիծը: Նաև քաղաքականության մեջ կա, այսպես կոչված` «точка невозврата», անդառնալիության կետը, որից անդին մեծ է քաոսի վտանգը:

Մինչդեռ, ամեն օր զգուշացնում էինք` դադարեցնել էմոցիաների աճուրդը և քաղաքացուն չդարձնել ամբոխ:

Ու հիմա էական էլ չէ, ոստիկանության արձագանքը և քաղաքական ուժերի հայտարարությունը, որ իրենց ականջները այդ նողկալի ակցիայի հետևում չկան:

Մենք շատ ավելի վտանգավոր եզրագծի ենք մոտեցել` հասարակությանը հետևողականորեն պառակտելով, սևերի ու սպիտակների բաժանելով ու էմոցիաների ամենօրյա էժանագին աճուրդով»:

Տեսանյութեր

Լրահոս