Սիրիահայ համայնքը ամուր է և կմնա այնտեղ. Կիրո Մանոյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Սիրիայում հայ համայնքի խնդրին, ասաց, թե անհնար է, որ հայ համայնքը ճգնաժամային պայմաններում ամբողջովին հեռանա Սիրիայից, ինչպես դա եղավ Իրաքի պատերազմի ժամանակ։ «Նախ Սիրիայում հայ համայնքը շատ ավելի մեծ է, քան Ւրաքում էր, իսկ երկրորդ՝ այնտեղ սիրիահայ համայնքը շատ ամուր է, անգամ 7-րդ դարի եկեղեցի կա: Հավանական է, որ հեռացողներ կլինեն, սակայն բուն համայնքը կպահպանվի, քանի որ նույն սիրիահայ համայնքը շատ անգամներ է հենց Սիրիայում ճգնաժամերի ականատես եղել»,- նշեց նա։

Կիրո Մանոյանը նաև նշեց, որ առաջին հերթին պետք է մտածել վերջիններիս անվտանգության մասին:  «Առաջնայինը հայ համայնքի անվտանգության հարցն է, հիմնականում Հալեպում և Դամասկոսում: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի հայ համայնքը Սիրիայում լինի անվտանգ և քաղաքական հետապնդումների չենթարկվի: Նրանք ովքեր ցանկանում են ժամանակավորապես վերադառնալ Հայաստան, պետությունը պետք է աջակցի նրանց»,- ասաց Կիրո Մանոյանը:
Ըստ նրա՝ արտաքին ուժերի միջամտությանը Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին ոչ թե ժողովրդավարության հաստատմանն է ուղղված, այլ՝ ռազմավարական ուժերի հավասարեցման խնդիր է հետապնդում այդ տարածաշրջանում:
«Այսօր տեղի ունեցող իրադարձություններից մեկ հիմնական ելք կարող ենք տեսնել, դա քրդական ինքնավարության հաստատումն է, և ով էլ որ գա իշխանության, կամ նույն սիրական իշխանությունը մնա, քրդական հարցը լուծված կլինի, դա արդեն պարզ է, իսկ մնացածը դեռ հստակ չէ»,- նշեց Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ հենց դա էլ մտահոգում է Թուրքիային։

Տեսանյութեր

Լրահոս